24 ապրիլի 2006 - 15:27 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի խնդիրն է, ոչ թե Հայաստանի
Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի եւ թուրք ժողովրդի արժանապատվության հարց է: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, դա Թուրքիայի խնդիրն է, ոչ թե Հայաստանի: «Թուրքիան չի կարող չճանաչել Ցեղասպանությունը: Կարեւորն այն է, որ ողջ մարդկությունը հասկանա, որ Ցեղասպանությունը հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Ցեղասպանության ճանաչումը հարգանքի տուրք կլինի ոչ միայն հայ ժողովրդին, այլ ողջ մարդկությանը եւ համամարդկային արժեքներին»,-նշել է Տիգրան Թորոսյանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Նրա խոսքերով, Հայաստանը միշտ շփման եզրեր է որոնել Թուրքիայի հետ համագործակցության համար, այնպես որ փոխհարաբերությունների մասին պետք է Թուրքիան մտածի: «Հարաբերությունների հաստատումը կախված չի լինի Թուրքիայի անդամակցումից ԵՄ-ին: Մենք պետք է մտածենք մեր եվրաինտեգրման մասին, անկախ նրանից, կլինի Թուրքիան ԵՄ կազմում թե ոչ»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: