Ամերիկացի կոնգրեսմեն Բրեդ Շերմանը հայտարարություն է արել հունվարի 19-ից լույս 20-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ դիվերսիայի արդյունքում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան վերաբերյալ:
«Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից չորս օր առաջ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը, Ադրբեջանի պրովոկացիայի արդյունքում շփման գծում ևս մեկ հայ զինծառայող է զոհվել: Ինչպես արդեն նշել էի նախորդ տարվա դեկտեմբերին, Ադրբեջանը շարունակում է ապացուցել, որ խաղաղության մասին բանակցությունները լուրջ չեն ու խաղաղության ճանապարհին բազմիցս խոչընդոտներ է ստեղծում»,- ասվում է կոնգրեսմենի հայտարարությունում:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու դրա ղեկավարությունը բռնություն գործադրելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի խաղաղ կարգավորման ու ԼՂՀ անկախության ճանաչման վաղեմի կողմնակից եմ»,- ասել է Բրեդ Շերմանը:
Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով: