Անցած տարի Հայաստանի տնտեսությունն աճել է 3,5 տոկոսով` կրկնակիից ավելի քիչ, քան 2012-ի 7,2 տոկոսն է` հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Տնտեսական աճի` կառավարության նախանշած 4,1 տոկոսին հասնելուն խանգարել են շինարարության և էլեկտաէներգիայի արտադրության ծավալների նվազումը (8,1 և 4,1 տոկոս համապատասխանաբար):
Այնուամենայնիվ, տնտեսական աճն ավելի է եղել, քան միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները: Համաշխարհային բանկը, մասնավորապես, Հայաստանի համար նախանշել էր 3,2, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` 2,9 տոկոս աճ:
Տնտեսությունը, չնայած արդյունաբերության արտադրանքի ծավալի 6,8 և գյուղատնտեսությունում 7,1 տոկոսանոց աճին, չի հասել նախագահ Սերժ Սարգսյանի մայիսին նախանշած թիրախին:
«Անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: Այս խնդիրը լուծվեց: Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: Բայց այսուհետ ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ»,- մայիսի 7-ին կառավարության այն ժամանակ նորանշանակ անդամների հետ հանդիպմանն ասել էր նախագահը` չափելի անվանելով, օրինակ, աշխատավարձի կամ թոշակի բարձրացումը:
Թոշակները կառավարությունը բարձրացրեց 2014-ին` միջինը 15 տոկոսով, միջին աշխատավարձն անցած տարի աճել է 4,8 տոկոսով, գնաճը պաշտոնապես եղել է 5,8 տոկոս:
Ըստ տնտեսագետ-վերլուծաբան Սամվել Ավագյանի` տնտեսության աճն ավելի պակաս կլիներ, եթե չլինեին գյուղատնտեսական հաջողությունները:
«2013-ը «գյուղատնտեսական» տարի է, քանի որ այդ ոլորտում արձանագրված 7,1 տոկոս աճն է կառավարությանը փրկել ավելի խայտառակ ցուցանիշներից»,- «Հետք»-ում իր վերլուծությունում նշել է Ավագյանը:
«Վերջին տարիներին Հայաստանն ավելի ու ավելի գյուղատնտեսական երկիր է դառնում, եթե, իհարկե, գյուղատնտեսական բումի մասին վիճակագրական տվյալները կարելի է հավաստի համարել»,- հավելել է նա` ընդգծելով, որ արդյունաբերության աճի տեմպն անցած տարի զգալի հետ է ընկել գյուղատնտեսությունից:
Համեմատելով Անդրանիկ Մարգարյանի ու Տիգրան Սարգսյանի կառավարությունները` տնտեսագետը նշել է, որ վերջինիս կառավարման շրջանում արձանագրվում է «արդյունաբերության ու գյուղատնտեսության համեմատաբար բարձր աճ», այն դեպքում երբ նախկինում «աճը հիմնականում ձեռք էր բերվում ծառայությունների ու շինարարության հաշվին»: