24 ապրիլի 2006 - 19:03 AMT
Յուրի Մերզլյակովը բովանդակալից է անվանել խորհրդակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ
Մոսկվայում կայացած խորհրդակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ շատ բովանդակալից էին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը` մեկնաբանելով անցյալ շաբաթվա վերջում Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մոսկովյան հանդիպումները ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում: «Մենք հանգամանալից խոսեցինք բանակցային գործընթացի շրջանակներում հետագա քննարկումների մասին: Այնպես որ շուտով, մոտակա ամիսներին կլինեն հերթական հանդիպումները»,-ասել է Մերզլյակովը, ի նկատի ունենալով բանակցությունների հերթական փուլը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով: Նրա խոսքերով, հանդիպումը կարող է կայանալ մայիսին, սակայն ժամկետների եւ բանակցություների վայրի մասին դեռեւս շուտ է խոսել: Դիվանագետը կարծում է, որ նախարարների հանդիպումից հետո հնարավոր կլինի խոսել նաեւ նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին: Յու.Մերզլյակովը հաղորդեց նաեւ, որ մայիսի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Մոսկվայում, իսկ հետո կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան, հաղորդում է «Թրենդը»: