Հայ զինծառայող 20-ամյա Կարեն Գալստյանի սպանությունը Ադրբեջանի ԶՈւ և Լեռնային Ղարաբաղի ՊԲ շփման գծում մի քանի ժամ առաջ ապացուցում են, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Ինչպես հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, քանի դեռ Բաքուն չի ստորագրել խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը, օգնությունը պետք է կասեցվի:
«Սա մեկ շաբաթում հայ զինծառայողի սպանության արդեն երկրորդ դեպքն է, իսկ մի քանի օր առաջ դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 16-ամյա մի աղջիկ: Այս ամենը տեղի է ունենում Բաքվի չդադարող ռազմաշունչ հռետորաբանության ֆոնի վրա»,-հայտարարել է Համբարյանը:
ANCA-ն հորդորել է ԱՄՆ հայ համայնքին ազդել Ներկայացուցիչների պալատի ու Կոնգրեսի անդամների վրա, բացառելու համար ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին 2015 ֆինանսական տարում:
Facebook-յան էջում ANCA-ն հրապարակել է այն կոնգրեսականների անուններն ու հեռախոսահամարները, որոնք պատասխանատու են բյուջեի կազմման համար:
Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:
Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:
Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է: