24 ապրիլի 2006 - 19:40 AMT
Վրաստանի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցը
Ապրիլի 24-ին Թբիլիսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Վրաստանի «Նոր սերունդ» հայկական միության նախաձեռնությամբ եւ Համագործակցության հայկական կենտրոնի աջակցությամբ բողոքի ցույց է կազմակերպվել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Թբիլիսիի Սուրբ Գեւորգ մայր տաճարում մատուցվել է պատարագ, նվիրված անմեղ նահատակված 1,5 մլն հայերի հիշատակին: Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկո տեղի ունեցավ Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում: Երեկոյան Թբիլիսիի Սուրբ Գեւորգ մայր տաճարում տեղի կունենա հոգեւոր երաժշտության երեկո, որիտեղից էլ երթ է նախատեսվում դեպի Հավլաբարի Նոր Էջմիածին եկեղեցին, որտեղ տեղի կունենա մոմավառության արարողություն: