3 փետրվարի 2014 - 13:06 AMT
Ֆրանսիացի գործարարները վերջին 10 տարում առաջին անգամ մեկնում են Իրան

Խոշորագույն ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությունը կմեկնի Իրան՝ նպատակ ունենալով քննարկել ներդրումների հնարավորությունն այդ երկրում, եթե Արևմուտքը չեղյալ համարի Իրանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը Financial Times-ի վրա հղումով: Ֆրանսիայի և մյուս եվրոպական երկրների գործարարները ձգտում են ժամ առաջ տեղ գրավել հեռանկարային իրանական շուկայում, քանի դեռ այն չեն գրավել ամերիկացի մրցակիցները: Սա արևմտյան գործարարների ամենամեծ պատվիրակությունն է Իրան վերջին 10 տարում:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիսին կիրակի օրը հայտարարել է՝ մեկնաբանելով այցը. «Եթե իրավիճակը փոխվի, Ֆրանսիան զգալի առևտրային հնարավորություններ կստանա Իրանում»:

Ֆրանսիական պատվիրակության կազմում են այնպիսի ընկերությունների պատվիրակությունները, ինչպիսիք են Total (նավթային), Alstom (մեքենաշինություն), Renault (ավտոմոբիլային արտադրություն), Orange (հեռահաղորդակցություններ), Lafarge (շինանյութեր): Ներկայացված է նաև խորհրդատվական ոլորտը, ակտիվների կառավարումը, սննդարդյունաբերությունը, նավաշինությունը, շինարարությունը, իրավաբանական ծառայությունները, ապահովագրությունը, գովազդը, դեղագործությունը, բանկերը:

Մինչդեռ պատվիրակության կազմում բացակայում են առաջատար ֆրանսիական ընկերությունները, որոնք գործում են միջուկային արդյունաբերության ոլորոտւմ՝ AREVA և EDF:

Այցի կազմակերպիչն է ֆրանսիական արդյունաբերողների ֆեդերացիան՝ MEDEF:

Մինչդեռ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներն Իրանի դեմ կարող են ձախողել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: «Այժմ, երբ վերջապես լուրջ բանակցություններ են ընթանում, մենք պետք է ամեն ինչ անենք պարզելու համար, թե հնարավոր է արդյոք այս ճանապարհով լուծում գտնելը»,-ասել է Քլինթոնը: Նա համակարծիք է նախագահ Օբամայի հետ, որ « պետք է շանս տալ դիվանագիտությանը, չմոռանալով մյուս հնարավոր տարբերակների մասին»:

Քլինթոնը հիշեցրել է, որ ինքը միշտ կողմ է եղել Իրանի դեմ պատժամիջոցներին, սակայն, այժմ դա այն ճանապարհը չէ, որը կարող է հաջողությամբ պսակվել:

ԱՄՆ վարչակազմը խստորեն քննադատում է մի շարք օրենսդիրների առաջարկը Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին: Օբաման բազմիցս է զգուշացրել, որ վետո կդնի նման փաստաթղթի վրա:

Թեհրանը 500 մլն դոլար առաջին փոխանցումն է ստացել իր սառեցված ակտիվներից, հայտնում է ISNA գործակալությունը՝ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչիի վրա հղումով: Հունվարի վերջում ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ ԱՄՆ-ն ապասառեցրել է 8 մլրդ դոլար կազմող Իրանի ակտիվները:

2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը:

Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Պայմանավորվածությունների իրացումը սկսվել է ընթացիկ տարվա հունվարի 20-ին: