3 փետրվարի 2014 - 13:48 AMT
ՀԱՊԿ ղեկավարը գալիս է Հայաստան. Այստեղ նա կտեղեկանա հակառակորդի դիվերսիաների մասին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-5-ն աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Նիկոլայ Բորդյուժային կուղեկցի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը:

Նախատեսված են Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս տարբեր շրջանակներում խոսվում էր, որ ՀԱՊԿ-ը ոչ մի կերպ չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանականշփման գծում հակառակորդի կողմից ակտիվությանը, այն դեպքում, երբ Հայաստանը կազմակերպության անդամ է:

Վերջերս թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Հունվարի 27-ին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հարցին, թե ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպության մաս չկազմող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների մասին, որոնց արդյունքում հայկական կողմից կան կորուստներ, ասել էր, որ զինված ընդհարումների մասին առաջին անգամ է տեղեկանում, հետևաբար որևէ կարծիք հայտնել չի կարող, ինչպես նաև չի կարող փոխանցել, թե այդ կապակցությամբ ինչ են մտածում ՀԱՊԿ-ում:

Հունվարի 30-ին Չեխիայում՝ նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլսին նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչն է Հայաստանին ստիպում այսքան արագ միանալ ՄՄ-ին այն դեպքում, երբ հենց այդ միության նախաձեռնող երկիրը՝ Ռուսաստանը, անտարբերությամբ հետևում է, թե ինչպես են ամեն օր գնդակոծվում իր դաշնակից Հայաստանի սահմանակից շրջանները, և եթե Ռուսաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակում, ապա ինչպե՞ս կմեկնաբանի, որ այդ երկիրը հսկայական քանակությամբ արդիական զենք է վաճառում Ադրբեջանին, նախագահը հիշեցրել էր, որ Մաքսային միությունն առաջին հերթին տնտեսական կառույց է և ոչ ռազմական, ու պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը: «Այո, ռուսական կողմը գործակցում է նաև Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ իրավունք և հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու այդ գործակցությունը»,- նշել էր ՀՀ նախագահը:

Փետրվարի 1–ին մամուլի ասուլիսում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանն և ՀԱՊԿ արձագանքի բացակայությանը, չէր համաձայնել, թե ՀԱՊԿ-ը լռում է: Կազմակերպության քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս արձագանքել է այդ սադրանքներին, նշել էր Բաղդասարյանը.

«Չենք կարող ակնկալել, որ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի յուրաքաչյուր դեպքին, ինչքան էլ ողբերգական ու դատապարտելի դրանք չլինեն: Դա նրանց իրավունքն է»,- նշել էր Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս արձագանքել է սադրանքներին:

Նա նաև ասել էր, որ առաջիկայում Բորդյուժան կժամանի Հայաստան, ինչպես նաև խոստացել ևս մեկ անգամ խոսել լարվածության մասին. «Ադրբեջանը նախահարձակ է լինում ու օգտագործում իր դիպուկահարներին, բայց հաջորդ օրը պաշտոնական հաղորդագրություն է տարածում, թե հայկական կողմից եղել է դիվերսիոն հարձակում, ինչն էլ հերքվում է մեր կողմից: Այսինքն` նախահարձակ է լինում ու գցում դիմացինի վրա»,- ասել էր նա: