3 փետրվարի 2014 - 14:35 AMT
Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է դրական ազդեցություն ունենալ սիրիական կարգավորման վրա

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Մյունխենի խորհրդաժողովի ետնաբեմում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պա Գի Մունի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում ու Իրանի միջուկային ծրագրի հարցը:

Պան Գի Մունը ողջունել է Զարիֆի հայտարարությունն այն մասին, որ Իրանը պատրաստ է դրական դեր կատարել սիրիական կարգավորման գործում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Մյունխենի խորհրդաժողովում Զարիֆը հայտարարել է, որ ճգնաժամի կարգավորման ուղին արյունահեղության կասեցումն է»,-հայտարարել է Զարիֆը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը: Նա զգուշացրել է արևմտյան երկրներին, որ աջակցությունն ահաբեկիչներին ու նրանց անդամագրումը սպառնալիք են միջազգային անվտանգությանը:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանը, Եվրոպան և նույնիսկ ԱՄՆ-ն տառապելու են ահաբեկչական հանցագործություններից, որոնք կանդրադառնան Սիրիայի վրա: Նա հավելել է, որ ճգնաժամը Սիրիայում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ օտարերկրյա ուժերը միջամտում են երկրի ներքին գործերին:

Մինչդեռ, SANA-ի աղբյուրները Հորդանանում հայտնել են, որ ամերիկյան ինքնանթիռը ժամանել է Հորդանանի «Ալ Մաֆրակ» օդանավակայան զենքի խմբաքանակով, որը հետո փոխանցվելու է Սիրիայում գործող զինյալների խմբավորումներին:

Հորդանանյան AL Wahda կայքը, երկրում իրազեկ աղբյուրների վրա հղումով, հաստատել է հաղորդագրությունը: Կայքը հայտնել է նաև, որ վերջերս ահաբեկիչների մոտ 1500-հոգանոց մի նոր խումբ է վարժվել Հորդանանի Ալ Մուքար շրջանում՝ միանալու համար այն 50 հազար վարձկաններին, որոնք այժմ Սիրիայում են գտնվում:

Ավելի վաղ աղբյուրն ԱՄՆ հատուկ ծառայություններում ու Եվրոպայում պնդում էր, որ ԱՄՆ Կոնգրեսը գաղտնի քվեարկությամբ որոշել է զենք առաքել Սիրիա Հորդանանի տարածքով, այն ահաբեկիչներին, որոնց նրանք անվանում են «չափավոր ընդդիմադիրներ»:

ԱՄՆ հատուկ ծառայությունների վրա հղումով՝ արաբալեզու Al Quds Al Araby թերթը, որը Լոնդոնում է լույս տեսնում, տեղեկացրել է, որ Հորդանանի տարածքում ահաբեկիչները նախապատրաստում են անցնում մարտական հմտությունները կատարելագործելու համար:

Հորդանանում թաքֆիրիստական խմբավորումների փաստաբանը խոստովանել է երեք հորդանանցի ահաբեկիչների սպանությունը սիրիական Դերաա գավառում: Այդ գրոհայինները գործում էին «Ջեբհաթ ան Նուսրայի» ջոկատներում, որոնք կապված են «Ալ Քայիդայի» հետ:

Հորդանանյան աղբյուրներն ենթադրել են, որ ահաբեկիչների թիվն այդ երկրում, որոնք հանցագործություններ են կատարում Սիրիայում, հասնում է 1,5 հազարի: