13 փետրվարի 2014 - 15:51 AMT
ԿԱՐԾԻՔ
Իսլամը խրախուսում է ջիհադը ոչ միայն զենքով՝ նաև խոսքով ու գործով

Իսլամիստ արմատականները, որոնցից բոլոր չափավոր մահմեդականները շտապում են զատվել, իրենց պարտքն են համարում քանդել այն ամենը, ինչը չի տեղավորվում պատկերացումների այն շրջանակում, որը յուրացվել է Պակիստանի կամ Մերձավոր Արևելքի մեդրեսեներից մեկում և հղկվել ճամբարներում: Ոչինչ չիմանալով անգիր սովորած Ղուրանից բացի՝ թալիբները, վահաբիթներն ու նրանց նմաններն անձնվիրաբար Մարգարեի ուսմունքն են տարածում՝ ոչնչացնելով մարդկության անգին ժառանգությունը: Թեև նրանց հազիվ թե հուզում են հազարամյա արձաններն ու անգին մագաղաթները՝ չէ որ դրանց մասին ոչինչ չի ասվում Ղուրանում: Այսպիսի մի խալիֆ է եղել՝ Ումար իբն Հաթաբ (Օմար), Մուհամեդի փեսան, որին վերագրում են հետևյալ խոսքերն Ալեքսանդրիայի գրադարանի մասին. «Եթե այս գրքերում ասվում է այն, ինչ կա Ղուրանում, ապա դրանք անիմաստ են: Իսկ եթե այլ բան է ասվում, ուրեմն դրանք վնասակար են: Ուստի և առաջին, և երկրորդ դեպքում դրանք հրկիզել է պետք»: Ճիշտ է դա, թե սուտ, հայտնի չէ, սակայն այն, որ իսլամը ոչ միայն զենքով է խրախուսում ջիհադը, այլև խոսքով ու գործով, անկասկած է:

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Ալեքսանդրիայում նոր գրադարան բացվեց, որտեղ պահվում են հազարամյա ձեռագրերը, իսկ Քաբուլում վերականգնեցին Բուդդայի հնագույն արձանները, որոնք թալիբները ոչնչացրել էին, այդ թվում նաև հսկայական արձանները Բամիանում: Հնագետներն ու վերականգնող մասնագետները կտոր առ կտոր հավաքել են բուդդայական սրբությունների մասերը, դրանց մի մասը ներկայացված է Քաբուլի Ազգային թանգարանում:

Թանգարանի առավել արժեքավոր նմուշների թվում էր նաև ոսկուց, արծաթից, փղոսկրից պատրաստված 20 հազար իրերից ու արվեստի նմուշներից բաղկացած Բաքտրիական գանձը, որը հայտնաբերվել է 1970-ականներին Աֆղանստանի հյուսիսում: Թանգարանի ամենաաղաղակող միջադեպերից մեկը 2001-ի մարտին էր, երբ թալիբները, համաշխարհային հանրության բողոքներին հակառակ, ոչնչացրին Բուդդայի արձանների հարուստ հավաքածուն և այն ամենը, ինչ հակասում էր թալիբների արգելքին՝ չպատկերել այն, «ինչ կարող է շարժվել»: Բուդդայի 40 արձանը, որոնցից մի քանիսը 1,5 հազար տարվա վաղեմության էին, կտոր-կտոր արվեցին: 100-հազարանոց հավաքածուից այն ժամանակ չկոտրվեց միայն 30 հազարը: Այդ նույն ընթացքում թալիբները ոչնչացրին Բամիանում գտնվող Բուդդայի հսկայական արձանները՝ 55 և 37 մ բարձրությամբ, որոնք բուդդայական վանական համալիրի մասն էին: Դրանք ուղղակի պայթեցվեցին:

Եվ բոլորովին վերջերս, 2013-ին Մալիի իսլամիստները հրկիզեցին Տիմբուկտուի գրադարանը, որտեղ պահվում էին հազարավոր հին ձեռագրեր: ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների խումբը, որն այցելեց Մալի, հայտարարեց, որ Տիմբուկտուի եզակի պատմական ու մշակութային ժառանգությանը հասցված վնասը բազմիցս գերազանցում է սկզբնական գնահատականները: Այնտեղի պատմամշակութային հուշարձանները սարսափելի վիճակում են, իսկ հայտնի դամբարանների մեծ մասը թալանված է ու ավիրված: Կորցված է համարվում նաև միջնադարյա ձեռագրերի մեծ մասը: ՅՈւՆԵՍԿՕ-ն իր փորձագետներին է գործուղել Տիմբուկտու որպես պատմական ժառանգության վերականգնման ու պահպանման առաջին քայլ: 2013-ի հունվարին քանդվեց 14 դամբարան: Քաղաքում պահվող մոտ 4 հազար ձեռագիր անվերադարձ կորած է համարվում:

Տիմբուկտուի ձեռագիր գրքերն ընդգրկված են համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, քաղաքը համարվում է աֆրիկյան պատմության խորհրդանիշը: Դա այն վայրն է, որտեղ XII դարում բազմաթիվ կարևոր իրադարձություններ են եղել: Վայր, որտեղ հավաքվել են գիտելիքները, որը վկայում է աֆրիկյան մշակույթի մեծության մասին: Ավելորդ է հիշեցնել Մերձավոր Արևելքում հարյուրավոր պղծված ու քանդված քրիստոնեական եկեղեցիների մասին, դա առանձին խոսակցություն է: Բայց այն, որ իսլամը երեք համաշխարհային կրոններից ամենաանհանդուրժողն է, միանշանակ է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net