19 փետրվարի 2014 - 00:15 AMT
ՄՄ․ Գնաճը, ՀՀ-ի անդամակցության փաստաթղթերն ու մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արդեն կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությունից հետո։ Այնուամենայնիվ, բացառություն կազմող ապրանքներ ևս կլինեն: Ինչպես լրագրողներին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ցուցակն արդեն ներկայացվել է ռուսական կողմին։

«Որոշում ունենք, որ բացառություններ են լինելու՝ բացառվում է, որ չլինեն, որովհետև դրույքաչափերի կտրուկ փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա»,- ասել է փոխնախարարը, գրում է Tert.am-ը:

Ցանկում մոտ 900 ապրանք կա, որոնք ավելի ցածր մաքսային դրույքաչափերով են ներմուծվում Հայաստան, քան ՄՄ համար գործող դրույքաչափերն են, բայց այն դեռևս ճշգրտվում է: Փոխնախարարի խոսքով, ՄՄ-ին անդամակցությունից հետո հնարավոր գնաճը կարող է կազմել 1.4%․ որոշ ապրանքների մասով մաքսատուրքերի դրույքաչափերի տարբերություն կա:

«Մաքսային դրույքաչափերի համակարգը հիմնված է Ռուսաստանի դրույքաչափերի վրա, իսկ դրանք մինչև 2019-2020թ-ն իջեցվելու են: Այսինքն՝ կան ապրանքներ, որոնք մեխանիկորեն իջնելու են, բայց կան նաև այնպիսի ապրանքներ, որոնք իջնելուց հետո անգամ ավելի բարձր կլինեն, քան դրանք Հայաստանում ներկայումս են»,- ասել է Մելքոնյանը՝ նշելով, որ սա է բանակցությունների թեման, ինչը պատրաստվում են մանրամասն քննարկել:

Ցանկն արդեն ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձաժողովին (ԵՏՀ) և նախատեսվում է, որ մարտի սկզբին կսկսվեն բանակցությունները:

Փետրվարի 14-ին քաղշիննախարարություն այցից հետո պատասխանելով աշխատակիցների հարցերին, մասնավորապես՝ թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում ՄՄ-ին Հայաստանի միանալուց հետո անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում, նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է ՄՄ-ին, թե՝ ոչ:

Նախագահ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է: Կտրուկ գնաճի մասին և նմանատիպ ոչ հավաստի տարբեր տեղեկությունների տարածումը Հանրապետության նախագահն անթույլատրելի էր համարել և նշել, որ պատկան մարմիններն ակտիվորեն պետք է հրապարակային մեկնաբանություններ տան ցանկացած նմանօրինակ ապատեղեկատվության տարածման դեպքում և հանրությանն առավելագույնս ներկայացնեն իրականությունն ու ճշմարտությունը:

Մամուլի ասուլիսին էկոնոմիկայի մեկ այլ փոխնախարար Տիգրան Հարությունյանը, անդրադարձել է նաև Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ նշելով, որ մարտի 10-ին Երևանում աշխատանքային հանդիպման շրջանակում կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրներն ու Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները:

Ըստ նրա` Ճանապարհային քարտեզի ոչ սակագնային քաղաքականությանն առնչվող կետերի կատարման նպատակով ուսումնասիրվել, նախապատրաստվել և Եվրասիական տնտեսական հանձնաժողով է փոխանցվել Հայաստանի նշված հարցին առնչվող այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում կպահանջվի փոփոխություններ կատարել ոչ սակագնային կարգավորման ոլորտում ՄՄ-ի օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է Ճանապարհային քարտեզի՝ արդյունաբերության ոլորտին առնչվող կետերի կատարման համար տարվող աշխատանքներին, ապա պատրաստվել է Հայաստանի արդյունաբերական ոլորտներին առնչվող իրավական ակտերի ցանկ, որտեղ կարող է փոփոխություններ կատարելու անհրաժշտություն առաջանալ:

Նշված փաստաթղթերը ԵՏՀ-ին հասանելի դարձնելու նպատակով ներկայումս թարգմանվում են և մինչև փետրվարի 20-ը կներկայացվեն հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ` ուսումնասիրելու և փետրվարի 25-26-ին Մոսկվայում հերթական հանդիպմանը դրանք քննարկելու:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Վլադիմիր Պուտինի Հայաստան պետայցի շրջանակում հայկական և ռուսական կողմերը 12 համաձայնագիր էին ստորագրել: Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը պիտի ներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար:

Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել էր ՄՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ Ճանապարհային քարտեզը: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը: