Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան (HRA) նամակ է հղել Շվեյցարիայի արդարադատության նախարարին, որտեղ հիասթափություն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման կապակցությամբ: «Որպես թուրք իրավապաշտպաններ, մենք անմիջական վկաներն ենք այն բանի, թե ինչպես է Հայոց ցեղասպանության և Փոքր Ասիայի մյուս քրիստոնյաների ցեղասպանության ժխտումը հակադեմոկրատական համակարգ ստեղծում, որը նպաստում է ռասիզմի, այլատյացության տարածմանն ու խոսքի ազատության և մարդու իրավունքների խախտումներին»,-ասվում է նամակում, հայտնում է The Armenian Weekly-ին:
HRA նամակում ասվում է. «Հանուն մարդու իրավունքների, ռասիզմի ու ատելության դեմ պայքարի, ինչպես նաև արդարադատության Թուրքիայում և այլ երկրներում, մենք կցանկանայինք մեր վստահությունը հայտնել, որ Դողու Փերինչեկին պատժելու վերաբերյալ Շվեյցարիայի դատարանի որոշումը մի քայլ էր, որը կոչված էր պաշտպանելու մեզ բոլորս, ողջ մարդկությանը ռասիզմից: Մենք սատարում ենք Շվեյցարիայի դատարանի որոշմանը, որն իրավասու է բողոքարկելու ՄԻԵԴ 2013 թ. դեկտեմբերի 17-ի որոշումը»:
2013-ի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ, Ստրասբուրգում որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքը, որը մեղադրվում էր ռասայական խտրականության մեջ, քանի որ հրապարակավ ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը: Դողու Փերինչեկն իրավաբանական գիտությունների դոկտոր է ու Թուրքիայի աշխատավորկան կուսակցության առաջնորդը, մասնակցել է 2005-ի Շվեյցարիայում կայացած տարբեր խորհրդաժողովների, որտեղ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:
Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան դիմել էր Շվեյցարիայի դատարան վերջինիս արտահայտությունների կապակցությամբ: Լոզանի դատարանը 2007-ի մարտին Փերինչեկին ճանաչեց մեղավոր ռասայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Դա առաջին անգամն էր, երբ Շվեյցարիայում կիրառվեց 1995-ի ուժի մեջ մտած օրենքը: Փերինչեկը հանդես եկավ հայցով՝ բողոքարկելով այդ որոշումը, պահանջելով լրացուցիչ հետազոտություններ այդ հարցի շուրջ: Վերաքննիչ դատարանը մերժեց նրա բողոքը նույն թվականի հունիսին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Փերինչեկը բողոքարկեց դատավճիռը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին հաստատեց որոշման օրինականությունը 2007-ի դեկտեմբերին:
Փերինչեկը դիմեց ՄԻԵԴ, հղում կատարելով որ իր իրավունքները ոտնահարվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով, մասնավորապես. 7 հոդվածով՝ պատիժ բացառապես օրենքի հիման վրա, 10՝ կամքի ազատ արտահայտում: ՄԻԵԴ-ը, քննելով նրա բողոքը, հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում, որևէ դրամական փոխհատուցում չնշանակելով: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չի հանդիսանում», -ասվում է դատարանի որոշման մեջ:
«ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար խոսքի ազատության խախտման քողի տակ: Որոշումը կարող է վատ օրինակ ծառայել Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար: Այն փաստը, որ դատարանի որոշոմը չի եղել միաձայն, վկայում է, որ կան իրավական նորմեր որոշումը վերանայելու համար: Մենք պետք է մեր ջանքերն ուղղենք դրան»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ: ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում:
Փետրվարի 17-ին Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասնագետները, հայտնի գիտնականները բաց նամակ են հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) «Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի առնչությամբ: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները գտնում են, որ դատավճիռը կայացվել է պատմական ու հայեցակարգային սխալներով: