Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցման համար շինհրապարակ բերված տեխնիկան հեռացվել է, ինչպես եւ խոստացել էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Տեխնիկան հեռացվել է մարտի 6-ին Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչների ու բնապահպանների ճնշման ներքո, որոնք փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը՝ պահանջելով կասեցնել ապօրինի որակվող շինարարությունը, որը սկսելու մասին, ըստ գյուղացիների ու բնապահպանների, վկայում է շինհրապարակ բերված տեխնիկան ու նոր խողովակները:
Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ավելի ուշ պարզաբանել է ստեղծված իրավիճակը` ընդգծելով, որ Ապարանի ջրամբարի մոտ ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը պետք է ամբողջությամբ լինի ոռոգման ռեժիմին համապատասխան, և անկախ այն բանից, ՀԷԿ կկառուցվի, թե ոչ, շահագործող ընկերությունը պետք է վերանորոգի արագահոս համակարգը, որը քայքաված է, հաղորդում է Panorama.am-ը:
Գևորգյանն ասել է, որ այս պայմանը դրված է ջրօգտագործման թույլտվություն ունեցող ընկերության վրա.
«Ի սկզբանե պայման է եղել, որ խողովակաշարը պիտի լինի ստորգետնյա: Խոսքը միայն դոտացիոն ջրի մասին է, ընկերությունը կարող է օգտագործել միայն ավելացած ջուրը: Այն մտահոգությունը, որ ջուրը միայն հէկ-ի համար օգտագործվի և սպառվի, տեղին չէ: Այս պահի դրությամբ ՀԷԿ կառուցելու խոսք չի գնում: Իսկ կլինի՞ թույտվությունը ՀԷԿ կառուցելու, թե ոչ, այս էտապում պայմանավորվածությունների մաս չէր կազմում»:
Տարածքային կառավարման նախարարը բացատրել է, որ ջրամբարում կուտակված ջուրը երկու նպատակով է օգտագործվում՝ այդ հատվածի գյուղատնտեսությանը ջուր մատակարարելու և լրացուցիչ ջուրը, որ կուտակվում է, որպես դոտացիոն ռեսուրս Արարատյան դաշտ տեղափոխելու հենց վերանոգորման կարիք ունեցող արագահոս համակարգով:
Փոխվարչապետը հավելել է, որ ՀԷԿ կառուցելու համար լիցենզիա է հարկավոր, ինչը ստանալուն էլ նախապատրաստվում են: Ներկայում, ըստ Գևորգյանի, ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն պայմանով, որ կվերանորոգվի արագահոսը համակարգը: Իսկ շինհրապարակ բերված, բողոքի առիթ դարձած խողովակների տրամաչափը, փոխվարչապետի խոսքով, ջրի` հավանական մեծ քանակության համար է:
Փոխվարչապետի պարզաբանումների կարիքն առաջացել էր այն բանից հետո, երբ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները քարերով փակել էին ճանապարհն ու վանկարկում էին` «տեխնիկան հանեք»` պնդելով, որ ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցմամբ չորանալու են 40 հազար հա այգիները:
«Եթե Կառավարությունն ու ղեկավարությունը տեր չկանգնեն, ամբողջ օրը միտինգ ա լինելու, ցույց է լինելու, ճանապարհը փակելու ենք, ավելի վատ է լինելու և՛ ժողովրդի, և՛ Կառավարության համար: Մեր ժողովրդի գլխին էս ի՞նչ են բերում, քի՞չ են թալանում, էս էլ թալանե՞ն։ Ու ասեմ՝ այսօր ամբողջ տղամարդկությունն է կանգնել, վաղը, եթե տեր չկանգնեն՝ կնիկ, էրեխա, մանկապարտեզ, կանգնելու են»,- ըստ Tert.am-ի` ասել է բողոքի ցույցի մասնակից Ավետ Ավագյանը` ներկայանալով որպես մարդ, ով տնկել է այդ այգիների 80 տոկոսը։
Բողոքողներին միացած ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը հայտարարել է, որ շինարարությունն ապօրինի, համապատասխան փաստաթղթեր չկան: Պատգամավորը խոստացել է խնդիրը ներկայացնել նաև Ազգային ժողովում:
«Երկու տարի է արդեն՝ Ապարանի ջրամբարը ջուր չի հավաքվում, որովհետև ջուրը մտցրել են խողովակ, սելավ չի լինում, ջուր չի հավաքվում: Եթե երրորդն էլ կառուցեցին, ընդհանրապես ժողովուրդը պիտի թողնի գնա»,- ասել է Խաչատրյանը:
Արմեն Գևորգյանը լրագրողներին ասել է, որ այս տարիների ընթացքում խնձորի այգիների ոռոգման խնդրի և ջրաքանակը չբավարարելու մասին երբևէ չի բարձրաձայնվել:
«Ջրի պահանջարկի հաշվարկի մեթոդ կա: Նմանատիպ խնդիր այս պահի դրությամբ ես չեմ տեսնում: Եթե անգամ անհրաժեշտություն կա, նվազագույնը մենք միշտ պետք է ֆիքսենք մինչև քսան մլն: Համոզված եղեք, որ այգիները չորացնելու, գյուղատնտեսությանը վնաս հասցնելու մտադրություն որևէ մեկը չի ունեցել»,- նշելկ է նա:
Փոխվարչապետի գնահատմամբ` հարցը քաղաքականացվում է, ու իրականում խնդիրն այն ծավալները չունի, որ ներկայացվում է: Այդունհանդերձ, բոլոր հանգամանքները մանրամասն պարզելու համար, փոխվարչապետի տեղեկացմամբ, հանձնաժողով է ստեղծվելու, որում նաև միջազգային մասնագետներ կներառվեն:
«Եթե այդ խողովակը վերակառուցվեց, այն երկու նպատակին էլ ծառայելու է: Ինչ-որ մի պահի այդ ջուրը կարող է մտնել ՀԷԿ, դուրս գալ և շարունակել ոռոգման համար ծառայել: Ես տեսնում եմ ավելի շատ խիստ, մերժողական մոտեցում, քան հարցերը քննարկելու և խնդիրների լուծումներ տալու: Խնդրին պետք է բազմակողմանի նայել, ոչ թե տեղացիների քմահաճույքին կթողնենք խնդիրը, այլ այն համապարփակ ուսուսմանսիրելու համար հանաձնաժողով կլինի»,- ասել է նա:
Մինչդեռ ավելի վաղ բողոքողների հանգստացնելու համար Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հավաստիացրել է, որ նման ծրագիր չկա:
«Որևէ մեկի, որևէ գյուղացու մեկ լիտր ջուր չի պակասի: Էդպիսի ծրագիր չկա: Գյուղացիներին թյուրիմացության մեջ են գցել, ՀԷԿ կառուցելու ծրագիր չկա»,- ըստ Paroama.am-ի` ասել է մարզպետ Սահակյանը:
Սահակյանն ասել է, թե պետության քաղաքականությունն այն է, որ ջուրը տրվում է առաջին հերթին ոռոգման նպատակների համար. «ՀԷԿ կառուցելու ծրագիր չկա: Ներկա պահին ջրագծի վերանորոգման աշխատանքներ են կատարվում, որպեսզի դրանով Արմավիրի մարզին որպես դոտացիա ոռոգման ջուր հատկացվի»:
Գյուղացիները սակայն, չեն հավատացել տեխնիկան հանելու մարզպետի ու ոստիկանների խոստումներին ու իրենք են գնացել շինհրապարակ: Ի վերջո նրանց ճնշման ներքո տեխնիկան հանվել է:
Ակցիայի մասնակիցներին էին միացել բնապահպան ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև Նախախորհրդարանի անդամներ: Ոստկանների հետ քաշքշուկում բնապահպաններին անգամ հարվածել ու փորձել էին բերման ենթարկել:
Ավելի վաղ Նախախորհրդարանը հայտնել էր, որ մարտի 1-ին Կարբի գյուղի կենտրոնում հավաքվել էին մոտ հարյուր գյուղացիներ՝ հանդիպելու մարզպետի, գյուղապետի և շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ: Գյուղացիները նշել էին, որ ոռոգման ջուրը այսօր էլ երբեմն չի բավականացնում իրենց խնձորի այգիները ջրելու համար ու եթե եղածն էլ պակասի, ապա կցամաքի իրենց ապրուստի միակ միջոցը: