14 մարտի 2014 - 17:42 AMT
Ուկրաինայի ժամանակավոր կառավարությունն ԱՄՆ-ից «մահացու ռազմական օգնություն» է խնդրել ու մերժվել

Ուկրաինայի ժամանակավոր կառավարությունն ԱՄՆ-ից ռազմական օգնություն է խնդրել, այդ թվում` զենք ու զինամթերքի տրամադրում, ինչպես նաև` ամերիկյան հետախուզության գործակցությունը, գրում է The Wall Street Journal-ը` հղում անելով բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաներին: Բայց Օբամայի աշխատակազմը դեռևս համաձայնել է միայն զինվորական սնունդ ուղարկել:

Պենտագոնը չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե անմիջականորեն սատարում է ուկրաինական բանակը Ռուսաստանի հետ հակամարտության ժամանակ: Իրավիճակի թեժացման ռիսկը սրվում է Ռուսաստանի` Ուկրաինայի մոտակայքում նորից զորավարժություններ անցկացնելու որոշմամբ, ինչպես նաև` Բելառուսում ռուսական ռազմական օդանավերի վերատեղակայմամբ: Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ այս քայլն արվել է ի պատասխան ՆԱՏՕ-ի հաճախացած օդային պահակախմբերին:

«Ուժի նման ցուցադրման պարագայում ամերիկյան պաշտոնյաները խոստովանում են, որ Օբամայի աշխատակազմը պետք է դիմի աճպարարական հնարքների: Աշխատակազմն ուզում է աջակցություն հայտնել Ուկրաինայի ժամանակավոր առաջնորդներին, բայց միևնույն ժամանակ իր դեմ չհանել անկանխատեսելի Մոսկվային, ու նաև պատահաբար չքաջալերել ուկրաինացի զինվորականներին, որ չդիմեն ուժային հակամարտությամբ հղի քայլերի»,- նշված է հոդվածում, որը մեջբերում է Inopressa-ն:

«Սա ոչ թե «ոչ, երբեք» է, այլ, «դեռևս ոչ»,- «մահացու ռազմական օգնության» մասին Ուկրաինայի խնդրանքն իր երկրի կողմից մերժելը մեկնաբանում է ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյան: Թերթը նկարագրում է ժամանակացույցը. Ուկրաինայի խնդրանքը համընկել է Յացենյուկի` Սպիտակ տուն այցելության հետ և հնչել է պետքարտուղար Քերիի ու ՌԴ ԱԳՆ Լավրորվի հանդիպման նախօրեին, որը, ինչպես ձևակերպում է պարբերականը, «ճգնաժամի լուծումը գտնելու վերջին դիվանագիտական փորձն է»:

Իրավիճակի լրջությունն է մատնանշում մի դետալ. Բունդեսթագում ելույթի ժամանակ կանցլեր Մերկելը հարկ է համարել բացատրել. «Մեզ համար զինվորական գործողությունները տարբերակ չեն»: Հետագայում հեղինակը վերադառնում է ռազմական օգնության թեմային: «Ուկրաինայի իշխանությունը Պենտագոնից զենք ու զինամթերք, կապի միջոցներ, հետախուզության աջակցություն, ավիացիոն վառելիք, գիշերային տեսողության սարքեր և այլ ռազմամթերք է խնդրել»,- հայտնել են ամերիկացի պաշտոնյաները: Առայժմ Պենտագոնը համաձայնել է միայն չոր պարեն տարամդրել: Բեռնաթափումը կարող է սկսվել մի քանի օրից:

Նախորդ շաբաթ ԱՄՆ պաշտնապության նախարար Հեյգլը խոսել է Ուկրաինայի ՊՆ պաշտոնակատար Տենյուխի հետ, ու խոստացել աչքի անցկացնել օգնության մասին բոլոր խնդրանքները։

«Հեռախոսային խոսակցությունից հետո Պենտագոնն Ուկրաինայից զինվորական օգնության մասին պաշտոնական գրություն է ստացել, այդ թվում նաև զինամթերքի ու ռազմամթերքի խոշոր պաշարների վերաբերյալ։ Ամերիկացի պաշտոնյաները հրաժարվել են նշել՝ ինչպես էր ուկրաինական կողմը պատրաստվում տնօրինել պարագաները»,- ասվում է հոդվածում։

Մարտի 11-ին, զեկուցելով խորհրդարանին, Տենյուխը հայտնել է, որ զինված ուժերը 1991-ից ի վեր անտեսված էին ու մարտին պատրաստ էին ընդամենը 6 հազար հետևակայիններ (41 հազարից)։

Իր կողմից ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա, ով չի ցանկացել նշել իր անունը, նշել է․ «Այս պահին չենք դիտարկում «մահաբեր օգնության» գաղափարը… Կոպիտ ասած, նրանց հստակ ասել ենք, որ պետք է կենտրոնանալ տնտեսական օգնության վրա»,- նշել է նա։

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը կսրեր Կրեմլի կասկածները, որ Նահանգներն ուկրաինական հեղաշրջումը ծրագրել է Ուկրաինան ու ՆԱՏՕ-ն իրար միացնելու ու ռազմական ճանապարհով Ռուսաստանի վրա հարձակվելու նպատակով։ Չնայած, Պետնագոնը ակտիվացրել է Արևելյան Եվրոպայում ռազմական գործողությունները՝ անհանգստացած դաշնակիցներին հանգստացնելու համար։ Նա նաև կանգնեցրել է Ռուսաստանի հետ ռազմական գործակցությունը։

Իսկ մինչ այդ, մարտի 17-ից ամերիկացի սենատորների մոտ յոթօրյա արձակուրդ է սկսվում․ ստացվում է՝ նրանք այդպես էլ չեն լուծում Ուկրաինային տրամադրվող 1 մլրդ դոլարի օգնության վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի հետ տարաձայնությունները։

Պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները մարտի 13-ին հայտարարել է, որ Սենատը պետք է քվեարկի իրենց հաստատած օրինագծի համար, որը Կիևին 1 մլրդ դոլարի վարկի տրամադրում է նախատեսում։ Սենատային մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Գարի Րիդն ի պատասխան հակադարձել է, թե օրինագծի իրենց տարբերակն ավելի հաջող է, քանի որ այն նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի մի շարք քաղաքացիների դեմ սանկցիաների կիրառվում է նախատեսում։

Կոնգրեսի հաստատած ֆինանսական օգնությունն ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության գլխավոր ֆակտորն է, քանի որ Ուկրաինային ավելի շատ գումար է անհրաժեշտ, քան կարող է տրամադրել Արժույթի միջազգային հիմնադրամը։ Կոնգրեսմենները մտավախություն ունեն, որ առանց Հարավի օգնության Ուկրաինան ռուսական փողերից կախվածության մեջ կլինի, ասվում է The Wall Street Journal-ի հրապարակման մեջ։

Ներկայացուցիչների պալատի ու սենատորների միջև խոչընդոտը դարձել է ԱՄՀ-ն։ Սենատի ներկայացրած օրինագիծն ԱՄՀ կառուցվածքի ու ֆինանսավորման փոփոխության վավերացում է նախատեսում, որին մյուս պետություններն արդեն հավանություն են տվել։ Դեմոկրատները նշում են, որ այդ փոփոխությունները Կիևին կթույլատրեն 1 մլրդ-ի փոխարեն 1,6 մլրդ դոլար շտապ վարկ ստանալ առանց ԱՄՆ կողմից հավելյալ ծախսերի։