3 մայիսի 2006 - 14:29 AMT
Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ մայիսի 5-ը Ռուսաստանում հայտարարվել է սգո օր
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված որոնողական աշխատանքների ընթացքը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների նախագահները որոշել են մայիսի 5-ը սգո օր հայտարարել Հայաստանում եւ Ռուսաստանում: «Վ.Պուտինը պատմել է Հայաստանի նախագահին ավիավթարի վայրում տարվող աշխատանքների մասին, ինչպես նաեւ նախատեսվող հետագա քայլերի մասին: Վթարի վայրում արդեն աշխատում են ռոսւ փրկարարները, ավելի ուշ նրանց կմիանան նաեւ հայ փրկարարները, որոնց առաջին ջոկատն արդեն Սոչիում է»,-ասել է Վ.Սողոմոնյանը: Նա նաեւ հաղորդել է, որ Սոչի է մեկնում ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը:

Իր հերթին, Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդել է, որ «Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցի եւ մանրամասն տեղեկությունների համար: Երկու կողմերն ընդգծել են, որ սա հայ եւ ռուս ժողովրդների ընդհանուր ողբերգությունն է»,-ասվում է ՌԴ նախագահի մամլո հաղորդագրության մեջ: