3 մայիսի 2006 - 14:36 AMT
Հայտնաբերվել են Ա-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածներից 38-ի մարմինները
Երեւան-Սոչի չվերթով ընթացող Ա-320 ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է 38 մարմին: Փրկարարական աշխատանքները բարդանում են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Ներկայումս փրկարարական աշխատանքների վայրում 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Քամու ուժգնությունը կազմում է 10-11 մ/վ, մառախուղ է, անձրեւ: Հաղորդվել է փոթորկային նախազգուշացում, ըստ որի քամու ուժգնությունը կհասնի 20 մ/վ: Աղետի վայրում աշխատում է 23 նավ: Գելենջիկից վթարի վայր է ուղղվել «Գնոմ» հեռակառավարվող ստորջրյա ապարատը, որը թույլ է տալիս զննել վթարի վայրը 400 մետր խորության վրա: Որոնումների շրջան է ուղղվել նաեւ հատուկ էխոլոտ (ձայնախորաչափ), որը թույլ է տալիս որոշել խոշոր օբյեկտների գտնվելու վայրը: Փրկարարական գործողություններին ժամանակավորապես չեն մասնակցում փոքր նավերը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: