31 մարտի 2014 - 14:12 AMT
Կրթական հաստատությունները փակ են. Ջեռուցման հնարավորություն չկա

Մարտի 30-ին Երևան քաղաքապետարանը հայտարարություն է տարածել` զգուշացնելով քաղաքի հիմնական դպրոցների, ՆՈՒՀ- երի (մանկապարտեզներ), երաժշտական ու արվեստի դպրոցների տնօրեններին, մանկավարժներին, դաստիարակներին, աշակերտներին ու ծնողներին, որ հիմք ընդունելով եղանակային անբարենպաստ պայմանները, երեխաների առողջության նկատմամբ ունեցած հոգածությամբ պայմանավորված, մարտի 31-ին, վերը նշված հաստատություններում դասերը չեն կայանա:

PanARMENIAN.Net-ի հարցին, թե հնարավոր չէր արդյոք ջեռուցել ուսումնական հաստատություններն ու դրանք չփակել, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Ջեռուցման շրջանն այս տարի, ինչպես միշտ, ավարտվել է մարտի 15-ին: Դրանից հետո կաթսայատները ստուգման չեն ենթարկվել, քանի որ կարիք էլ չի եղել: Նախորդ շաբաթ-կիրակի օրերին դիտված անբարենպաստ եղանակի պատճառով կաթսաներն ու խողովակները կարող էին սառել, իսկ ստուգելու ոչ ժամանակ, ոչ հնարավորություն չենք ունեցել: Միացնելու դեպքում դրանք կարող էին պարզապես պայթել, ինչի դեպքում շատ ավելի մեծ խնդիրների առջև կկանգնեինք»:

Արթուր Գևորգյանը հույս հայտնեց, որ իրենց այս որոշումը երեխաների ծնողների համար հավելյալ խնդիրներ չի առաջացնի: Խոսքը վերաբերում է հատկապես աշխատող ծնողներին, որոնք չունեն տանը մնալու հնարավորություն կամ երեխային խնամել պատրաստ որևէ հարազատ: «Հուսով եմ` գործատուներն էլ ըմբռնումով կմոտենան, եթե իրենց աշխատողները չկարողանան ներկայանալ աշխատանքի կամ, ծայրահեղ դեպքում, երեխաներին իրենց հետ տանեն: Մենք հայտարարությունը տարածել ենք նախօրեին, որպեսզի ծնողներն էլ կողմնորոշվելու ժամանակ ունենան»:

Ի դեպ, հիմնական դպրոցների մարտի 31-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ` ապրիլի 5-ին:

Մարտի 26-ին Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ը տեղեկացրել էր, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև: Մարտի 28-ին օրվա երկրորդ կեսին, 29-30-ին , 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ: