5 մայիսի 2006 - 14:23 AMT
Դիսպետչերին թաքցնում են ավիավթարում զոհվածների հարազատներից
Օդանավակայանի աշխատակազմը թաքցրել է աէրոբուսի կործանման գիշերը հերթափոխում եղած աշխատակիցներին: Միլիցիան եւ ԱԴԾ-ն վախենում են ինքնադատաստանից` մերձավոր հարազատներին կորցրած մարդկանց ցասումը կարող է թափվել վայրէջքի թույլտվություն տված դիսպետչերի վրա: Օդային երթեւեկության վարչության Սոչիի հանգույցի մասնագետին, որը «վարում էր» Երեւան-Սոչի չվերթով ընթացող Ա-320-ը այն չարաբաստիկ գիշերը, գաղտնապահել են պատահարի առավոտը: Օդանավակայանի աշխատակիցները վախենում են, որ դիսպետչերը կարող է կիսել իր շվեյցարացի գործընկեր Պիտեր Նիլսենի ճակատագիրը, որին իր տան շեմին դանակահարեց իր ողջ ընտանիքին կորցրած ազգությամբ օս Կալոեւը: Քննիչները դեռեւս հարցեր չունեն դիսպետչերների աշխատանքի վերաբերյալ: Ըստ ռուսական օրենքների, օտարերկրյա ավիաընկերությունների օդանավերի հրամանատարներին իրավունք էտրվում ինքնուրույն որոշում կայացնել վայրէջքի վերաբերյալ բարդ օդերեւույթաբանական պայմաններում: Կործանված աէրոբուսի հրամանատար Գրիգորի Գրիգորյանը օգտվեց իր այդ իրավունքից` ի չարիք բոլորի:

Սակայն զոհվածների հարազատները մեղադրում են ողբերգության համար դիսպետչերներին: «Չէ որ նրանք կարող էին արգելել վայրէջքը, սակայն չարեցին դա»,-թափահարում է ձեռքերը սգո թեւակապով ալեհեր մի տղամարդ: Նրան հանգստացնում են ընկերները.«Պետք չէ մեղավորներ փնտրել: Դրանով զբաղվում է դատախազությունը: Իսկ մենք պետք է վերջին պարտքը տանք մեր մերձավորներին: Հուղարկավորենք եւ սգանք...»:

Սակայն կրքերն այնքան են բորբոքված, որ զայրույթի ցանկացած կայծ կարող է պայթյունի պատճառ դառնալ: ԱԴԾ աշխատակիցը, որը չանվանեց իր ազգանունը, բացատրեց, որ ինքնաթիռը վարող դիսպետչերի հետ ցանկացած շփում արգելված է.«Կոչեր էին հնչում հաշվեհարդար տեսնել այդ գիշեր հերթապահող մասնագետների հետ: Այդ պատճառով որոշվել է նրանց արձակուրդ տալ: Թե որտեղ են նրանք, ես տեղյակ չեմ: Կարծում եմ, հուսալի տեղում...»,-հաղորդում է «Ժիզն» թերթը: