18 ապրիլի 2014 - 14:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայկ Դեմոյանը` Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների, թուրքական ժխտողականության ու Սենատի բանաձևի մասին (թարմացված)

Ուղիղ մեկ տարի հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կներկայանա իր նոր ցուցադրությամբ. այն բացառիկ է լինելու թե՛ որակով, թե՛ գիտականությամբ: Թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն ապրիլի 18-ին հանդես է եկել տարեկան հաշվետու ասուլիսով:

«Մշտական ցուցադրության տարածքը մեծացվելու է երկուսուկես անգամ, ներառվող նյութը երկու անգամ ավելի է լինելու, քան նախորդ ցուցադրությանը: Սա բացարձակապես նոր դիզայներական լուծումներով և նոր տեխնոլոգիաներով ցուցադրություն կլինի, գիտական-հավաքչական աշխատանքի արդյունք է»,- ասել է նա՝ հավելելով, որ ժամանակավոր ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն կլինի ապրիլի 21-ին, գրում է Tert.am-ը:

Բանախոսը նշել է, որ թանգարանը վերածվելու է միջազգային նշանակության գիտահետազոտական կենտրոնի. «Մենք ունենալու ենք առանձին սենյակ արտասահմանից եկող ասպիրանտների, գիտաշխատողների համար, այսինքն՝ թանգարան-ինստիտուտը վերածվում է միջազգային ուսումնասիրության կենտրոնի»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ, աշխարհի տասնյակ երկրներում կազմակերպվելու են ժամանակավոր ցուցադրություններ, որոնք ներառելու են բացարձակապես նոր տեղեկություն, նյութ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի քայլերին՝ Հայկ Դեմոյանը նշել է, որ այնտեղ նորանոր ցնցումներ կլինեն. Թուրքիան ոճրագործ պետության իրավահաջորդն է, և դա կարող է լուրջ մարտահրավեր լինել նաև Հայաստանի համար. «Այստեղ գործ ունենք իշխանություն-հասարակություն անջրպետի խորացման հետ: Եվ պետք է ձևակերպենք մեզ համար, թե ինչպես պետք աշխատենք այդ իրավիճակում: Պետք է գտնել խնդիրների ճիշտ լուծում, ոչ թե հարվածների ձևով, այլ փափուկ աշխատանքով»:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է հատուկ խումբ ձևավորել կառավարության կազմում, որը հակաքարոզչություն կտանի հայկական սփյուռքի դեմ ակադեմիական ու քաղաքական շրջանակներում: Միջոցառումները վերաբերելու են Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. իրադարձություններին: Ինչպես հայտնում է TurkishNY, խմբի ղեկավարը լինելու է Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը: Խումբը կոչված է քննարկումներ, խորհրդաժողովներ ու սիմպոզիումներ անցկացնել 1915 թվական իրադարձությունների վերաբերյալ «Ի՞նչ է տեղի ունեցել իրականում» ընդհանուր թեմայով:

2014 թվականի հունվարին Անկարայում Թուրքիայի դեսպանների ամենամյա հավաքում վարչապետ Էրդողանն ու ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն որպես Թուրքիայի դիվանագիտական գործունեության գլխավոր ուղղություն նշեցին հակազդեցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Թուրքիայում շեշտակի արագությամբ են տեղի ունենում փոփոխությունները, և, ինչպես նշել է Դեմոյանը, Հայոց ցեղասպանության ճանաչում լինի, թե` իրազեկվածության բարձրացում, թիրախը թուրք հանրության նոր սերունդ է, և այդկերպ կարելի է հասնել հարցի լուծմանը:

Թանգարանի տնօրենն անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի հավանության արժանացնելու նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ դա առաջին անգամը չէ և ուղղակի հայոց ողբերգության գործիքավորումն է կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար. «Մեզ արդյոք պե՞տք է սա, որ մեր հարցը վերածվում է մանրադրամի, կարծում եմ` ոչ: Թուրքիան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկն է, այնպես որ մեծ ակնկալիքներ չունենանք»:

Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին S.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրս մնում է անպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը:

Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»:

Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն էր հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում:

Ըստ բանախոսի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կարճաժամկետ, միջնաժամկետ խնդիրներ լուծելու համար է, գրում է Panorama.am-ը:

Հայկ Դեմոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանում այսօր լուրջ խնդիր կա նաև հայ երիտասարդ սերնդի հետ աշխատելու մասով: Եվ իրենք ևս մի կարևոր ուղղություն են վերցնելու, դա կրթադաստիարակչական գործառույթն է լինելու, որպեսզի ապագա սերնդին ճիշտ մատուցվի Ցեղասպանության թեման:

Միևնույն ժամանակ «Ասբարեզ» պարբերականը տեղեկացնում է, որ հայ հեղինակներ և ակտիվիստներ Հակոբ և Քնար Մաշիկյանները հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ՝ նրան ներկայացնելով Հայոց ցեղասպանության գրադարանի հավաքածուն: Կոնգրեսականը նշել է, որ հպարտ կլինի ներկայացնելու Հայոց ցեղասպանության գրադարանի հավաքածուն Կոնգրեսի հաշվետվությունում:

Հավաքածուն բաղկացած է Ցեղասպանություն վերապրածների 5 հուշերից, որոնք գրվել են 1915թ իրադարձություններից անմիջապես հետո, որի ժամանակ թուրքերը հրամայել են Օսմանյան կայսրության սահմաններում բնակվող հայ ժողովրդին տարհանել ու կոտորել: Մաշիկյանները հուշերը թարգմանել են անգելերն և հրապարակել: Վերջին` հինգերրորդ գիրքը, «Արհամարհված ճակատագիր»-ն իր մեջ ներառում է Քնար Մաշիկյանի ծնողների հուշերը, ովքեր Ցեղասպանության ժամանակ որբ են մնացել և նրանց արաբները տարել են Սիրիայի անապատներ:

Շիֆը նշել է, որ շատ կարևոր է պահպանել այս պատմությունները հետագա սերունդների համար՝ հավելելով, որ Ցեղասպանության նման ահռելի հանցագործության շուրջ շատ ավելի ազդեցիկ կլինի խոսել մեկ ընտանիքի մասին և թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունն այդ ընտանիք վրա:

ՖՈՏՈՇԱՐՔ