18 ապրիլի 2014 - 18:09 AMT
ՄԱԳԱՏԷ. Թեհրանը ոչնչացրել է հարստացված ուրանի պաշարների կեսը

Թեհրանը ոչնչացրել է հարստացված ուրանի պաշարների կեսը՝ կատարելով ընթացիկ տարվա սկզբում ստանձնած պարտավորությունները, հայտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):

ՄԱԳԱՏԷ-ն զեկույց է պատրաստել Իրանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ, որը վերջինս ստանձնել էր «5+1» խմբի հետ ստորագրած համաձայնագրով: Խմբին անդամակցում են ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան: Դիվանագետները հաստատեցին զեկույցի եզրակացությունները, որն ամբողջությամբ կհրապարակվի հաջորդ շաբաթ, հայտնում է ВВС-ին: Ծանոթանալով զեկույցին՝ Սպիտակ տունը Իրանի արգելափակված ակտիվներից 450 մլն դոլարն ապասառեցրել է:

Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը զուտ խաղաղ նպատակ ունի: Այնուամենայնիվ միջազգային միջնորդների վեցյակը նախկինի պես մտավախություն ունի, որ Իրանը կարող է իր պաշարներն օգտագործել միջուկային զենքի պատրաստման համար: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի եզրակացությունները կընկալվեն Արևմուտքում որպես դրական ազդակ: Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը նշանակում է, որ նույնիսկ եթե այնտեղ աշխատում են միջուկային զենքի վրա, այժմ այդ գործընթացը շատ ավելի երկար կտևի:

ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ասվում է նաև, որ ուրանի կոնվերսիայի գործարանի գործարկումը, որը նախատեսված էր միջանկյալ համաձայնությամբ, ձգձգվում է: ՄԱԳԱՏէ-ի տեսուչները մշտապես Իրանում են գտնվում, և գործակալությունն ամեն ամիս զեկույցներ է հրապարակում այն մասին, թե ինչպես է Թեհրանը կատարում միջանկյալ պարտավորությունները: «Վեցյակի» հետ համաձայնությունն ուժի մեջ է մտել հունվարին, գործողության ժամկետը լրանում է հուլիսին:

Իրանն ու «վեցյակի» միջնորդները մտադիր են մինչև մայիս սկսել նոր համաձայնագրի կետերի մշակումը: Սակայն, ինչպես ասվում է, տարաձայնությունները նրանց միջև որոշ կետերի շուրջ դեռ շատ մեծ են: Մինչդեռ, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Համենեին անհնար է համարում միջուկային ծրագրից ամբողջությամբ հրաժարվելը: Սակայն նա հավանություն է տալիս միջնորդների հետ բանակցություններին՝ զգուշացնելով, որ Իրանը երբեք լիովին չի հրաժարվի իր միջուկային ծրագրից: Ռուսաստանն ու Իրանն այժմ բանակցում են երկկողմ առևտրային համաձայնության շուրջ՝ նավթ ապրանքի դիմաց սխեմայով: Այդ առևտրի ծավալը կարող է հասնել 20 մլրդ դոլարի: ԱՄՆ-ն համարում է, որ այդ գործարքը կխարխլի Արևմուտքի դիրքերը Թեհրանի հետ բանակցություններում:

2013-ի նոյեմբերի 24-ին միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական ներկայացուցիչն ու Գերմանիան) ու Իրանը միջանկյալ համաձայնագիր էին ստորագրել՝ համատեղ գործողությունների նախագիծ։ Համաձայն դրա, Իրանը պարտավորվել է 6 ամսվա ընթացքում մինչև 20 տոկոսով կանգնեցնել ուրանի հարստացումն ու այդ ընթացքում 5-ից ավելի չհարստացնել այն։

Իրանը նաև պարտավորվել է ազատվել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի ամբողջ կուտակած պաշարներից, կասեցնել Արաքում ծանր ռեակտորի կառուցումը, չտեղակայել ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգներ ու լայնացնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ։ Ի պատասխանը Արևմուտքը պատրաստակամություն է հայտնել մեղմացնել Հանրապետության հանդեպ կիրառվող պատժամիջոցները։ Այդ միջանկյալ պայմանավորվածությունների իրականացումը սկսվել է այս տարվա հունվարի 20-ին։