21 ապրիլի 2014 - 15:06 AMT
Սանկտ Պետերբուրգում կնշվեն Հայոց ցեղասպանության ու Հոլոքոսթի հիշատակի օրերը

Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի օրենսդիր հանձնաժողովը հավանություն է տվել «Սանկտ Պետերբուրգում տոնական և հիշատակի օրերի մասին» քաղաքային օրենքում առաջարկվող փոփոխություններին, հայտնում է «ԲալտԻնֆոն»:

«Եդինայա Ռոսիայի» խմբակցության ներկայացուցիչ Վիտալի Միլոնովն առաջարկել էր քաղաքի տարածքում հիշատակի օրեր հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ու Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը: Օրինագծերի համաձայն հունվարի 27-ը՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը և ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կներառվեն օրենքում 2015 թվականից: 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակի շեմին, երբ հայ բնակչությունը բնաջնջման ենթարկվեց Օսմանյան կայսրության տարածքում և ստիպված եղավ հեռանալ հայրենիքից, Միլոնովը տեղին է համարում կարեկցանքի նման արտահայտումը եղբայրական ժողովրդի հանդեպ որպես «հիշեցում և զգուշացում երիտասարդ սերնդին և քաղաքական պայքարի ֆաշիստական մեթոդների դատապարտում»:

Բացի այդ, պատգամավոր Միլոնովը հիշեցրել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ոչնչացվեց մոտ 6 մլն հրեա, որոնք ապրում էին Եվրոպայի օկուպացված երկրներում, ԽՍՀՄ տարածքում՝ 1,5 մլն հրեա: Մասնավորապես, նա հավելել է, որ գոյություն ունեն Պավլովսկում, Պուշկինում ու Գատչինայում հրեաների խոշորածավալ գնդակահարությունների մասին վկայություններ: Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրն ամրագրված է ՄԱԿ ԳՎ բանաձևում: