Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև: Nouvelle d'Armenie-ն գրում է, որ նախագահի ներկայությունը ցույց է տալիս նրա հավատարմությունն իր հանձնառությունների հանդեպ` նկատի ունենալով նախագահական ընտրարշավի ժամանակ Ֆրանսուա Օլանդի տված խոստումը Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություններին իր ներկայությունը բերելու մասին:
Ֆրանսիական պետության ղեկավար ընտրվելուց ի վեր Օլանդն առաջին անգամ է ներկա լինելու ապրիլքսանչորսյան պաշտոնական արարողությանը:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մայիսին Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի ժամանակ պաշտոնապես կհայտարարվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունան մասին:
Հունվարի 27-ին Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չպետք է շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի մասսայական սպանդը: «Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ է»,- ասել է նա Անկարայում մամուլի ասուլիսում: Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, Օլանդը նշել էր, որ «շարժվելու են միայն ճիշտ ուղղությամբ», նշելով, որ ինչպես ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա ժխտումը քրեօրեն պատժելի են։ Ֆրանսիան 2000-ին Ցեղասպանություն էր որակել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական կոտորածը:
2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ քվեարկեց: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչեց: Արդեն 2013-ի փետրվարին պատգամավորը երկրորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարան ներկայացրեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ:
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման պլատֆորմն ապրիլի 24-ին մի շարք միջոցառումներ է ձեռնարկել: Ermenihaber.am-ը գրում է, որ դրանք մեկնարկելու են առավոտյան ժամը 10։00-ին՝ Հայդարփաշա կայարանից մահվան ուղարկված մտավորականներին հիշատակելու արարողությամբ։ Ժամը 13։00-ին ակցիայի մասնակիցներն այցելելու են 2011թ.-ի ապրիլի 24-ին սպանված զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանին։ Երեկոյան հիշատակի արարողություն է կազմակերպվելու Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։
Ապրիլի 22-ին և վաղը նախատեսվում են մի շարք քննարկումներ Ցեղասպանության իրողության, 1915թ.-ին տեղի ունեցած դեպքերի և պատմությանն առերեսվելու անհրաժեշտության թեմաներով։ Թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրոպայից Ստամբուլ ժամանած ռասիզմի ընդդիմախոսների ու սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում կկազմակերպվի, որտեղ մտքերի ու տեսակետների փոխանակում տեղի կունենա:
Մինչև այդ Դիարբեքիրի Սումերպարկ Ամեդ արվեստի կենտրոնում ապրիիլ 24-ից մայիսի 2-ը տեղի կունենա «99» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների 99 դիմանկար: