5 մայիսի 2006 - 16:41 AMT
Հայ հասարակությունը հասկանում է, որ երկրի ապագան եվրաինետգրումն է
Առանց Եվրոպայի հետ համագործակցության ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում շատ ավելի դժվար կընթանար: Այդ մասին Երեւանում Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության հնգամյակին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, հայ ժողովուրդն ընտրել է ճիշտ ուղի եւ այժմ դա ակնհայտ է դառնում: «Հայ հասարակությունը հասկանում է, որ երկրի ապագան կախված է հաջող եվրաինետգրումից: Մենք պետք է հետեւողականորեն գնանք բարեփոխումների ճանապարհով, զարգացնենք եւ ամրապնդենք եվրոպական արժեքները մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական հասարակության կայացման գործում: Հայաստանում պետք է իշխի օրենքը եւ քաղաքացիական վերահսկողությունը, որը մեծ դերակատարություն ունի ժողովրդավարական երկրներում»,-ասել է Ռուստամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ երկրի նոր Սահմանադրությունը նպաստում է բարեփոխումների առաջընթացին դատական իշխանության եւ ինքնակառավարման մարմինների ոլորտներում: