5 մայիսի 2006 - 17:03 AMT
ԵԽԽՎ -ում գիտեն Ռաֆայել Հուսեյնովի ելույթների արժեքը
Ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում վաղուց արդեն լուրջ չեն ընկալում: Այդ մասին Երեւանում Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության հնգամյակին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, եթե Հուսեյնովի հարցումներում եւ հայտարարություններում գոնե 10 տոկոս ճշմարտություն լիներ, դրանք կքննարկվեին: «Սակայն ԵԽԽՎ-ում արդեն գիտեն Ռաֆայել Հուսեյնովի ելույթների արժեքը եւ ուղղակի անուշադրության են մատնում դրանք: Կարելի է ասել, որ նա հանդես է գալիս հիմարիկի դերում»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Ռուստամյանը նշել է, որ իր հայտարարություններով Հուսեյնովը կարծես հատուկ հրահրում է հայ քաղաքական գործիչներին պատասխան տալու: «Եթե մենք հանկարծ պատասխանում ենք նրա «հարցումներին», ապա ուղղակի գովազդում ենք նրան: Լավագույնը` նրա դիմումները հավաքելն է եւ կես տարին մեկ անգամ դրանց անդրադառնալը»,-ընդգծել է Ռուստամյանը:

Ռուստամյանը նշել է նաեւ ադրբեջանական քարոզչության հիմնական ուղղությունները: «Ադրբեջանցի քաղաքական գործիչները ասում են այն, ինչ ցանկանում է լսել նրանցից ժողովուրդը եւ այնպես, ինչպես դա թելադրում են պաշտոնական անձիք; Այդ առումով Ռ.Հուսեյնովը շատ լավ ցուցադրում է Բաքվի քարոզչությունը այսպես կոչված ազդեցությունը»,-նկատել է նա: Ա.Ռուստամյանն ասել է նաեւ, որ Հուսեյնովը կրկնակի պատգամավորական անձեռնմխելիություն ունի եւ նրան դժվար է կանչել պատասխանատվության հերյուրանքի եւ սուտ վկայություն տալու համար: