ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ապրիլի23-ին անցկացրել է տարեկան ընդհանուր հաշվետու ժողով, որին ներկա են եղել ակադեմիայի 136 անդամ և լիազոր ներկայացուցիչ, ինչպես նաև արտասահմանյան անդամներ։ Ժողովին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, վերջինս ներկաներին է փոխանցել Վեհափառ հայրապետի ողջույնի խոսքը։
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ամփոփելով գիտական գործունեության հիմնական արդյունքները, նշել է, որ ակադեմիան 2013-ին աշխատել է 75 միջազգային գիտական ծրագրերով։ Նա ընդգծել է, որ 2013-ը հոբելյանական էր իրենց համար, և մեծ շուքով նշվել է Ակադեմիայի հիմնադրման 70-ամյակը։
Ակադեմիկոսն իր հաշվետվության հիմանական շեշտը դրել է կիրառական բնույթի աշխատանքների վրա, գրում է Tert.am-ը: «2013թ-ին համակարգի գիտական ստորաբաժանումներում շարունակվել են հիմնարար և կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը»,-ասել է նա։
ԳԱԱ նախագահը նկատել է, թե երբեմն իրենց մեղադրում են, թե ինչով են զբաղված գիտնականները, ինչու ՀՀ տնտեսությանը չեն օգնում։ Նա նշել է, թե ակադեմիան իր պատմության ընթացքում միայն երկու անգամ է մասսայական արտադրության հասցնելու արդյունք ունեցել, առաջինը «Նարինեն» է և երկրորդը՝ «տվիչները», որոնք ավտոմատ կառավարման էլեմենտներն են և վաճառվել են Արևմտյան Գերմանիայում։ Ցավոք, այսօր գործարարները քիչ են հետաքրքրվում իրենց ձեռք բերած արդյունքներով, որոնք, ըստ Մարտիրոսյանի, քիչ չեն։
Նա կարևորել է նաև միջազգային գիտական համագործակցությունը՝ խոսելով ակադեմիայի՝ արտերկրում տպագրված աշխատանքներից՝ արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում հրատարակված 773 հոդված, 19 մենագրություն, ինչպես նաև միջազգային 75 ծրագրով կատարված աշխատանքներ։
Իսկ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանն անդրադարձել է ակադեմիայի խնդիրներին, մասնավորապես՝ գիտական աշխատողի աշխատավարձին, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և Սևանի խնդրին։ «Սևանը ոչ միայն բնապահպանական օբյեկտ է, այլ նաև քաղաքական, լուրջ ռազմավարական, ժողովրդի գոյատևման օբյեկտն է: Սակայն մենք ճիշտ չենք գնահատում Սևանի արժեքը ժողովրդի գոյատևման համար: Աշխարհում կատարվում են ուսումնասիրություններ, լուրջ քաղաքականություն է մշակվում քաղցրահամ խմելու ջրի վերաբերել: Մի քանի տարի անց քաղցրահամ խմելու ջուրն ավելի թանկ կլինի, քան նավթը, ածխաջրածինները»,- ասել է ակադեմիկոսը, այնուհետև իր խոսքն ուղղելով պետական պաշտոնյաներին, ոլորտի պատասխանատուներին, նշել, թե ինչ հեշտությամբ են քննարկման դնում Սևանից ջուր բաց թողնելու հարցը, գրում է Panorama.am-ը:
Խորհրդարանում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Ներկայացնելով օրենքի փոփոխության հիմնավորումը` ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին հատկապես Սևջուր ջրավազանային տարածքում` Էջմիածին, Արմավիր, Մասիս եռանկյունում, ոռոգման ջրաղբյուրների դեֆիցիտ է առաջացել և այլընտրանքային ռեսուրսի բացակայությունը ստիպում է կառավարությանը դիմել Սևանա լճին:
Չափաքանակի ավելացում կառավարությունը պահանջում է 5 տարով:Խոսքը վերաբերում է Սևանա լճից ջրի բացթողման տարեկան չափաքանակը 240 մլն խմ սահմանելուն, մինչդեռ չափաքանակն այժմ կազմում է 170 մլն խմ:
«Տարիներ շարունակ քննարկվում է, թե մեր մակերեսային հոսքի որ տոկոսն է օգտագործվում մեր ժողովորի կողմից, որ տոկոսն է գնում Ադրբեջան: Փոխանակ կազմակերպենք այդ ցանցը, որպեսզի Ադրբեջան ջուր չգնա կամ մինիմալ գնա, ավելացնում ենք Սևանի հոսքը, որից միայն երեսուն տոկոսը կօգտգագործվի մեր ժողովրդի կողմից, մնացած մասը կգնա Նախիջևան: Ինչպես է Ազգային ժողովը գնում նման քայլի, փոխանակ ավելի խիստ դիրքորոշում որդեգրի: Պետք է Ազգային ժողովը, կառավարությունը Գիտությունների Ազգային ակադեմիայի հետ լուրջ քննարկումներ անցկացնի, պետք է խստորեն արգելվի Սևանից ջրի բացթողումը»,-ասել է Ջրբաշյանը:
Սարգսյանը պատասխանել է ելույթին` վստահեցնելով, որ Սևանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում, ապա շարունակել. «Ազգային ժողովը Սևանի մասին ընդունել է օրենք, որով նախատեսված է, թե ամեն տարի ինչքան ջուր պետք է բաց թողնվի: Հիմնավորումները կատարել է Գիտությունների Ազգային ակադեմիան: Այդ հիմնավորումները նկատի ունենալով, կառավարությունը, Ազգային ժողովը նախատեսել են ֆինանսական միջոցներ, ներդրումներ են արել ու այդ ծրագրով առաջ ենք գնում: Մենք այդ ծրագրից բավականաչափ առաջ ենք անցել: Եթե պրոբլեմներ են առաջացել կապված բնակլիմայական պայմանների հետ, ինչ եք առաջարկում՝ որպեսզի Արարատյան դաշտավայրը ջուր չունենա, այս տարի բերք չունենա, ինչ է հարյուր խորանարդ մետր ջուր չվերցնենք ավելցուկից, որ կուտակել ենք: Այդ դեպքում ամեն ինչ փակենք, հանք, ջուր չօգտագորենք, ասենք այս ամենը պահենք վաղվան, կարող է պետք գա: Ամեն ինչ պետք է օգտագործել խնայողաբար, այնպես, որպեսզի վնաս չհասցվի: Իհարկե, պետք է սերունդների մասին էլ մտածել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի մեր երկրի զարգացումն առանց վնաս հասցնելու»:
Ռուբեն Ջրբաշյանը նկատել է, թե գիտաշխատողի մինիմալ աշխատավարձը 60 հազար դրամ է, իսկ միջին աշխատավարձը 70-100 հազար դրամ է. «Այդ աշխատավարձը գիտության ասպարեզում վայել չէ մի Կառավարությանը, որը որդեգրել է գիտահենք ուղղություն, չի կարելի մի գիտնականից ավելին սպասել, որը 100 հազար դրամ էլ չի ստանում, դա հնարավոր չէ, և դա վայել չի մեր պետությանն ու Կառավարությանը»,- ասաց նա:
Անցնելով պարտադիր կուտակային համակարգին` բանախոսը նշել է. «Ակադեմիայի երիտասարդությունն իր դժգոհությունն է հայտնում այս պարտադիր փաթեթի նկատմամբ և Կառավարությունը պետք է կարողանա ուղիներ գտնել, որովհետև հակառակ դեպքում կկորցնենք նաև այն երիտասարդներին, որ գալիս են ակադեմիա։ Գիտական հանրությունը բոլորովին արժանի չէ նրան, ինչ տեսնում ենք»։
Սերժ Սարգսյանն ի պատասխան ակադեմիկոսի դժգոհությանն ասել է, որ գործադիրի կայքում այսօր կլինի մի փաստաթուղթ, որը կարտահայտի նոր Կառավարության վերաբերմունքը կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին. «Կտեսնեք, որ քայլեր ձեռնարկվում են: Ցանկացած առիթով կարող են լինել դժգոհություններ: Եթե նախագահը, Կառավարությունը ղեկավարվի միայն մարդկանց դուր եկող թեզիսներով, առաջընթաց չենք ունենա »:
Կառավարությունը նոր օրենքով դե ֆակտո կասեցրել է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Այս մասին գործադիրի ապրիլի 23-ի նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, թե այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստանձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները:
«Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, և պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն»,- ասել է վարչապետը:
Այսպիսով, գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Այն կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ Կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ղազար Գալոյանն էլ, օգտվելով Սերժ Սարգսյանի ներկայությունից, բարձրացրել է 35-55 տարեկանների խմբի մեջ մտնող գիտաշխատողների խնդիրը, որոնց Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել էր որպես մտահոգիչ խումբ։
«Նրանք նախկին երիտասարդներ են, որոնք չեն կարող օգտվել երիտասարդներին հատկացվող որևէ հաջող դրամաշնորհից, կանգնած են երիտասարդներ պատրաստելու ծանր բեռի տակ և իրենք են հանդիսանում այն փոխադրող կամուրջը, որը պետք է ապահովի երիտասարդ գիտնականների շարունակականությունը»,-ասել է նա։
«Մեզ մոտ կա անհանդուրժողական մթնոլորտ, մեկն ունի մի քանի մեքենաներ՝ «ջիպ, բրաբուս», չգիտեմ ինչ-ինչ ֆիրմայի, մյուսը՝ կոշիկ չունի գործի գնալու։ Ես առաջարկում եմ, որ այն մրցանակները, որոնք հարգարժան պարոն Մարտիրոսյան, որ Դուք անցած տարի հոբելյանական տարում տրամադրեցիք, այդ թվում նաև ես ստացա գովեստագիր, նաև ուղեկցվեն փոքրիկ նվերներով, ենթադրենք՝ հեծանիվ»,- հորդորել է Գալոյանը և հավելել. «Ինչի համար եմ ասում՝ հեծանիվ, որովհետև հեծանիվը քաղաքակիրթ տրանսպորտի միջոց է, երբ որ մեր նախարարները աշխատանքի կգան հեծանիվներով, այդ օրվանից կսկսվի մեր ազգի բարեկեցությունը»։
Հայաստանի գիտությունների ակադեմիան (1993 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա) հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) հիման վրա: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին և ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձեռնարկությունների աշխատողներին:
2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ՝ ԳԱԱ կազմում ընդգրկված է 55 ակադեմիկոս և 58 թղթակից անդամ։ ՀՀ ԳԱԱ համակարգում աշխատում է 4077 մարդ, որոնցից 2515-ը` գիտական աշխատող։