30 ապրիլի 2014 - 12:22 AMT
ԿԱՐԾԻՔ
Բաքուն «նեղացել է» Եվրամիությունից և որոշել է «լրջորեն մտածել»

Ղարաբաղյան շարժումից ի վեր անցած 26 տարիներին և հրադադարի արդեն 20 տարիների ընթացքում Ադրբեջանն այդպես էլ չմշակեց մի վարքագիծ, որը կարող էր որոշակի դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա: Ստացվում է, որ շանտաժից ու սպառնալիքներից բացի ադրբեջանցի պաշտոնյաներն ուրիշ բան չեն կարողանում գործի դնել: Այս անգամ աչքի ընկավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

«Ադրբեջանը երբեմն մտածում է այն մասին, թե արդյոք ճիշտ ընտրություն է կատարվել, եթե այսքան տարիներ շարունակ երկիրը երկակի չափանիշների է բախվում: Առաջատար գերտերությունները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վճռական ու արդար դիրքորոշում չեն որդեգրում ղարաբաղյան հակամարտության հարցում: Արդեն 20 տարի է ԵԱՀԿ ՄԽ անդամները չեն կարողանում առաջխաղացման հասնել հակամարտության կարգավորման գործում: Պատճառն այն է, որ Արևմուտքը չի կարող հստակ դիրքորոշում ներկայացնել այս հարցում», -ասել է նա: Բայց սա էլ դեռ ամբողջը չէ:

Պարզվում է` ԵՄ-ն չի ուզում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մի կողմից ԵՄ-ն առաջարկում է Բաքվին ասոցացման համաձայնագիր կնքել, մյուս կողմից օրակարգից բացառում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը: Եվ ինչպե՞ս մենք պետք է գնահատենք Եվրամիության այս դիրքորոշումը: Անշուշտ, դա ստիպում է Բաքվին լրջորեն մտածել», -հայտարարել է Մամեդովը՝ տարակուսելով, թե գերտերությունների առաջնորդները խոսում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, իսկ Ադրբեջանի մասին ոչ մի խոսք:

Ընդհանրապես «տարածքային ամբողջականություն» հասկացությունը շատ հարմար է այն երկրների համար, որոնք կանգնած են մասնատման սպառնալիքի առջև: Եվ դա ոչ միայն Ադրբեջանն է, այլ նաև եվրոպական երկրները: Սակայն ոչ Ֆրանսիան, ոչ Իսպանիան, ոչ էլ Մեծ Բրիտանիան այսքան կոպիտ ու պարզունակ շանտաժով չեն զբաղվում: Ինչպես հայտնի է, Եվրոպան մեծ կախում ունի ռուսական գազի առաքումներից և հիմա փոխարինման միջոց է փնտրում: Դա դժվար ու հոգսաշատ գործ է, և կարող է այնպես ստացվել, որ 2015 թվականի ձմռանը Եվրոպան տառապի ցրտից: Բայց մինչև ձմեռ դեռ ժամանակ կա և գուցե ստացվի պայմանավորվել Ուկրաինայի հարցում: Առավել ևս, որ Գերմանիան այնքան էլ չի շտապում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որոնք սահմանում է ԱՄՆ-ն: Եվ ահա Բաքուն որոշեց, որ գազի իր սակավ պաշարները բավարար են Եվրոպան տաքացնելու համար: Նշենք, որ ադրբեջանական գազը չի բավականացնի նույնիսկ Թուրքիայի համար, ինչ Եվրոպայի մասին է խոսքը: Արդյունահանումը նվազում է, գներն աճում են, սարքավորումները փոխել է պետք: Իսկ Իլհամ Ալիևը էլի անհամար քանակով զենք է գնում կարծես մանկության տարիներին կռիվ-կռիվ խաղալուց զրկված փոքր տղա:

Ադրբեջանը չի հասկացել որ ինքը ԵՄ-ին պետք էլ չի՝ հարկավոր են ածխաջրածինների արտահանման պատրաստի ենթակառուցվածքներ, թեկուզ Իրանից ու Թուրքմենստանից: Իսկ այն, որ մոտ ապագայում դա այդպես էլ կլինի, կասկած գրեթե չկա: Եթե աշնանը մերձկասպյան երկրներն Աստրախանում կարողանան ինչ-որ համաձայնության գալ Կասպից ծովի բաժանման հարցում, ապա Ադրբեջանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առջև:

Եվս մեկ հանգամանք կա: Ասենք, Բաքուն երես թեքեց ԵՄ-ից, ինչը կասկածելի է՝ չարժի Ղարաբաղը գազի արտահանումից կորցրած փողերը: Դե Ռուսաստանին էլ Ադրբեջանն այնքան էլ պետք չէ: Վլադիմիր Պուտինը, չնայած ադրբեջանցի քաղաքական գործիչների երազանքներին, մտադիր չէ Ադրբեջանին հրամցնել ԼՂՀ-ն սկուտեղի վրա: Այսինքն ընդհանրապես որևէ մեկին մտադիր չէ տալ: Ի վերջո, կա 1813 թվականի Գյուլիստանի խաղաղ պայմանագիրը, որով Ադրբեջանի տարածքի մեծ մասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին: Այդ մասին պետք է մտածեն վայ-քաղաքական գործիչները, որոնք սեփական պատմություն են հորինում, ոչ թե գազի ջահը թափ տան:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net