11 մայիսի 2006 - 18:46 AMT
«Կիլիկիա» առագաստանավը Հայաստանի խորհրդանիշն է դարձել, հայտարարել է Վարդան Օսկանյանը
Հայաստանի արտգործնախարար նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ծավալված ջերմ զրույցի ընթացքում ծովագնացները ներկայացրեցին նավարկության եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները` նշելով, որ դրանք ընթանում են նախատեսված ծրագրին համապատասխան: Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը հավաստիացրեց, որ արտգործնախարարությունը հնարավորինս կաջակցի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն ու նավարկության ընթացքում ծագող խնդիրների լուծմանը: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց այդ արտասովոր նավարկության դերը եւ անձնակազմի խիզախությունն ու վճռականությունը` նշելով, որ դրանով «Կիլիկիան» յուրովի դարձել է Հայաստանի խորհրդանիշը: Նա նավաստիներին հաջողություն մաղթեց նավարկության վերջին փուլում: