Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը մարտի 24-ին հայտարարել է, թե «ԱՄՀ-ն կենսաթոշակային բարեփոխումների հարցում Հայաստանի կառավարության վրա ճնշումներ չի գործադրել»:
Սակայն դեռևս 2010-ի դեկտեմբերի 1-ին ԱՄՀ-ն Հայաստանի համար երեք տարով հաստատել է երկու ծրագիր` EFF (Երկարաձգվող ֆինանսավորման ծրագիր) և ECF (Երկարաձգվող վարկավորման ծրագիր), որոնց շնորհիվ մեր երկրին 3 տարում ընդհանուր առմամբ տրամադրվել է 393,9 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրերը 6 ամիսը մեկ վերանայվել են (review), և արդեն չորրորդից, որը հրապարակվել է 2012-ի հունիսին, որպես կատարողական չափորոշիչ (structural benchmark, այլ կերպ ասած` նախապայման) նշվում են կենսաթոշակային բարեփոխումները: Այսինքն, Հայաստանը գումարի հերթական մասը կարող է ստանալ միայն դրա կատարումից հետո: Բայց քանի որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել էր ծրագրերի հաստատումից օրեր անց` 2010-ի դեկտեմբերի 22-ին, վերանայումներում նշված ԱՄՀ նախապայմաններն արդեն պետք է վերաբերվեին դրա կիրառմանը, Կառավարության որոշումներին, հաշվարկներին, ֆոնդերի ընտրությանն և այլն:
4-րդ վերանայման փաստաթղթում մասնավորապես գրված է. «Այլ բարեփոխումների հետ միասին կենսաթոշակային բարեփոխումների ֆինանսական ծախսերի մասին առաջին ամբողջական նկարագրությունը պետք է ներկայացվի մինչև 2012-ի դեկտեմբերի վերանայումը: Գործընթացի ամբողջական ֆինանսական գնահատականը պարտադիր է, որպեսզի հնարավորություն ունենանք գնահատել բարեփոխումների արդյունավետությունը» (էջ 27. Table 10. Armenia: Structural Benchmarks for Future Implementation Under the EFF/ECF):
Նույն փաստաթղթի 15-րդ էջում (Box 4. Armenia: Pension Reform) ներկայացված է հայկական կողմի պարզաբանումը, որտեղ նկարագրվում են ապագա կենսաթոշակային բարեփոխումների կառուցվածքը.
«Հայաստանի նոր կենսաթոշակային համակարգը բաղկացած կլինի 3 հենասյունից. անցում ներկայիս գործող կենսաթոշակային համակարգից նոր կուտակային համակարգին, և պարտադիր ու կամավոր կուտակային համակարգերի ներդրում: Օրենսդիր և գործադիր իշխանություններից հսկայական ջանքեր կպահանջվեն 2012-13 թթ., որպեսզի նոր համակարգը գործարկվի արդեն 2014-ին»:
Այս հատվածում մանրամասն նկարագրվում են նաև ապագա համակարգի սկզբունքները` անցման պահին մինչև 40 տարեկան բոլոր քաղաքացիները կընդգրկվեն նոր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում և աշխատավարձից ֆոնդերին կփոխանցեն 5%:
Նույն փաստաթղթի 30-րդ էջում ներկայացված Letter of intent-ում (Նամակ-պարտավորագիր ԱՄՀ-ին վարկառու պետության կողմից) նշված է, որ «Մենք արագացնում ենք նախապատրաստական աշխատանքները 2014-ին կենսաթոշակային համակարգի ներդրման համար: Կուտակային կենսաթոշակային համակարգին բարեհաջող անցման համար հսկայական աշխատանք է պահանջվում»:
Հետագա վերանայման փաստաթղթում (2013 հուլիս) կատարողական չափորոշիչներում նշվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները հաջողությամբ ընթանում են և 2014-ին վերջնականապես կգործարկվեն:
2013-ին վերոնշյալ երկու ծրագրերն ավարտվել են և արդեն 2014-ի փետրվարին ՀՀ կառավարությունը դիմել է ԱՄՀ-ին նոր EFF-ի հաստատման համար (127,6 միլիոն դոլար): Նոր դիմումի 40-րդ էջում կառավարությունը հերթական անգամ ԱՄՀ-ին տեղեկացնում է, որ կենսաթոշակային բարեփոխումներն ընթացքի մեջ են, արդեն օրենքն ուժի մեջ է.
«2014-ի սկզբին հաջողությամբ գործարկել ենք մեր կենսաթոշակային բարեփոխման ծրագիրը: Բարեփոխման վերջին երկու հիմնական հենասյունները՝ երկու բարձրակարգ ֆոնդերի կառավարչի լիցենզավորումը և հանրության կողմից մեկ ընկերության ընտրությունը, որը կտնօրինի նրանց համապատասխան կենսաթոշակները, արդեն ավարտվել են և անհատական հաշիվներին արվող ներդրումները սկսվել են հունվարին: Այս բարեփոխման հետ կապված կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի բարելավենք հետագա ներքին պարտքի կառավարումը և կառավարական պարտատոմսերի առաջնային և երկրորդական շուկաների գործումը: Սա հատկապես կարևոր կլինի, քանի որ կենսաթոշակային բարեփոխումը սպասվում է, որ կընդլայնի ներդրումների բազան կառավարական պարտատոմսերի շուկաներում»:
Արդեն մարտի 7-ին ԱՄՀ տնօրենների խորհուրդը հաստատել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) նոր 38-ամսյա ծրագիրը, որի շրջանակում Հայաստանին 127,6 մլն դոլարի չափով վարկ կտրամադրվի:
Բոլորովին վերջերս` մայիսի 12-ին, նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև կենսաթոշակային բարեփոխումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ հիմնադրամն աջակցում է և առաջիկայում էլ շարունակելու է իր աջակցությունն այդ բարեփոխումներին, որոնք Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների տեսանկյունից ևս էական նշանակություն ունեն: