Մայիսի 20-ին Ազգային ժողովում Արթուր Ջավադյանը վերընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է 79 պատգամավոր, և միակ թեկնածու Արթուր Ջավադյանը ստացել է 77 կողմ ձայն:
Սերժ Սարգսյանը խորհրդարանին էր ներկայացրել մեկ թեկնածու՝ գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը: Քվեարկության մեկնարկից առաջ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ ՕԵԿ-ը հայտարարել է, որ պատգամավորներն ազատ են և կարող են ինքնուրույն որոշել` մասնակցել, թե` ոչ:
Մայիսի 19-ին ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության հարցի քննարկմանը ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Ջավադյանը Նիկոլ Փաշինյանի հարցերին ի պատասխան հայտարարել է, որ պարտադիր կուտակային բաղադրիչը Հայաստանում շարունակելու է գործել:
«Այն հարցին, թե պարտադիր բաղադրիչը լինելո՞ւ է, իհարկե, լինելու է, բայց այլ հարց է, թե ոնց ենք իրականացնելու: Առանց այդ բաղադրիչի, այդ օրենքի շարժիչ ուժը կորում է», -հայտարարել էր Ջավադյանը, գրում է Panorama.am-ը:
Այս պատասխանը սակայն, ակնհայտորեն բարկացրել էր ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին, և նա ԱԺ ամբիոնից հարցեր է ուղղել ԿԲ նախագահի թեկնածուին. «Ինչո՞ւ եք կրքերն անընդհատ լարում, ինչո՞ւ եք անընդհատ այս ամբիոնից ասում, որ պարտադիր կուտակայինը գործելու է: Չի կարելի անընդհատ լարվածություն պահել այս ամբիոնում և հասարակության մեջ: Չի կարելի, չէ՞ նույն բանն այս ամբիոնից այդքան ասել»:
Նա, վկայակոչելով ՍԴ ապրիլի 2-ի որոշումը, հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը, հետևաբար պարտադիր բաղադրիչ այլևս չի լինելու:
«Կուտակային պարտադիր բաղադրիչ չի կարող լինել, պարոն Ջավադյան ջան, մի հայտարարեք նման բան: Եթե նման հակասահմանադրական ու հակաօրինական դրույթ ներառվի նոր օրենքում, պայքարը նոր թափ կստանա: Էս ամբիոնից մի խոսեք էնքան ժամանակ, քանի դեռ նոր համակարգը չի մշակվել: Անունը դիզայն կդնեք, թե ինչ կդնեք, էդ մասին մի խոսեք»,- նշել է պատգամավորը:
Իսկ«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր խոսքում անդրադարձել է գործող վարկերի բարձր տոկոսադրույքներին` ասելով.«Որո՞նք են պատճառները, որոնց համաձայն փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղական տնտեսություններին վարկերը հանձնում են անտրամաբանական բարձր տոկոսներով: Հայաստանում բանկային համակարգը կապված է տնտեսության հետ, և անհասկանալի է, թե ինչպես կայուն բանկային համակարգ ունեցող երկիրը ունի փլուզվող տնտեսություն»,- հայտարարել է Զոհրաբյանը:
Այս տրամաբանությամբ, Զոհրաբյանի խոսքով, կարելի է համաձայնել այն տնտեսագետ-վերլուծաբանների հետ, ովքեր ասում են, որ ՀՀ-ում բանկային համակարգը գործում է լոմբարդի փիլիսոփայությամբ:««Բարգավաճ Հայաստանը» դեմ է նման քաղաքականությունը և մեր խմբակցությունը չի մասնակցի ԿԲ նախագահի թեկնածուի քվեարկությանը», -նշել է Զոհրաբյանը:
Ոչ իշխանական «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանն էլ հայտարարել էր, որ ՕԵԿ-ը որևէ հստակ դիրքորոշում չունի ԿԲ նախագահի թեկնածուի վերաբերյալ և ասել, որ իրենց պատգամավորներն ազատ են քվեարկության հարցում:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը Արթուր Ջավադյանը ծնվել է 1964-ի ապրիլի 22-ին: 1981-1986թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետում, 1986-1989թթ.` «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ, ասպիրանտ, 1987-1989թթ. - «Գլխհայջրշին» տրեստ` երկրորդ կարգի ինժեներ, 1989-1991թթ. աշխատել է «Երևան» բանկում` որպես մասնագետ, բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ, վարչության անդամ, 1991-1997թթ. եղել է «Հայինվեստբանկ» ՓԲԸ -ի վարչության նախագահ, 1997-1999թթ.` Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ, 1999-2000թթ. եղել է «Հայինվեստբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահի ֆինանսների գծով խորհրդական, իսկ 2000-2001թթ.`ՀՀ կենտրոնական բանկի ԿԲ նախագահի խորհրդական: 2008-ի հունիսի 11-ին ընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ: