20 մայիսի 2014 - 17:34 AMT
Լրագրողը Շվեդիային մեղադրում է Սիրիայում ահաբեկիչներին սատարելու մեջ

Շվեդական Prolenaren թերթում լրագրող Պատրիկ Պավլովը գրել է, որ Շվեդիան, ինչպես նաև մի շարք արևմտյան ու արաբական երկրներ, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով Սիրիայում սանձազերծված ահաբեկչության մեղսակիցն են:

Նա նշել է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշեն այդ երկրի քաղաքացիները, այլ ոչ օտար երկրների միջամտության արդյունքում: Պավլովը նշել է, որ իբր տուժած սիրիացիների համար Շվեդիայում հավաքվող գումարները հիմնականում հայտնվում են զինյալ ընդդիմության ձեռքում, այսինքն՝ ահաբեկիչների:

Հենվելով իր ձեռքի տակ եղած փաստաթղթերի վրա՝ լրագրողը պնդում է, որ արևմտյան առաջնորդները հիանալի գիտակցում են, որ այսպես կոչված «Ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան» ժողովրդի աջակցությունը բուն Սիրիայում չի վայելում, գրում է սիրիական SANA գործակալությունը:

Ըստ Պավլովի, Սիրիայում կատարվողը ոչ մի կապ չունի ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ, այլ բացահայտ պատերազմ է նրա ժողովրդի դեմ: Արյունահեղության համար պատասխանատվությունը նա դրել է ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու մյուս երկրների վրա:

Իր հերթին լրագրող Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում հրապարակված հոդվածում նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մոտ կանգնած Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որին օգտագործեցին Սիրիայի կառավարությունը տապալելու փորձում, ուղղակի ուժեղ անձնավորությունից վերածվեց կուռ բռնատերի Սիրիայում իր գործողությունների ու ահաբեկչական խմբավորումներին սատարելու արդյունքում:

Ֆիսկը նշում է, որ գնալով ավելանում են վկայությունները սիրիական իրադարձություններում Թուրքիայի դերի մասին, Էրդողանի մեղսակցության մասին, որը սերտ կապեր ունի Օբամայի հետ: Սիրիան առաջինը հայտարարեց, որ զարին գազը, որ կիրառվել է Արևելյան Գուտայում, բերվել է Թուրքիայից և օգտագործվել է իսլամիստական խմբավորումների կողմից վարկաբեկելու համար Սիրիայի կառավարությունը: Ինչպես հիշեցրել է Ֆիսկը, Սիրիայի պատասխանատու անձիք ժամանակին հայտարարեցին, որ Թուրքիայի դատախազը հավանություն է տվել մեղադրական եզրակացությանը: Զարինը Թուրքիայի հարավից Սիրիա մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձի համար մեղադրվեցին «Ջեբհաթ ան Նուսրայի» 10 անդամներ, այդ թվում խմբավորման ղեկավար Հայսամ ալ Քասաբը, որին դատախազը պահանջեց դատապարտել 25 տարվա ազատազրկման: Սակայն Թուրքիայի իշխանությունները բոլոր այդ մարդկանց ազատ արձակեցին, և այդ գործի մասին ոչ ոք էլ չի հիշում:

Ամերիկյան Veterans Today կայքը հայտնել է, որ զարինը, որն անցյալ տարվա օգոստոսի 21-ին օգտագործվել է Դամասկոսի մերձակայքում քիմիական գրոհի ժամանակ, արտադրվել է Պենտագոնին պատկանող լաբորատորիայում, որը գտնվում է Վրաստանի տարածքում: Հետո այն տեղափոխվել է թուրքական լաբորատորիաներ Սիրիայում գործող «Ալ Քայիդայի» ահաբեկիչներին փոխանցելու նպատակով: Կայքը հղում է անում զանգվածային ոչնչացման զենքի գծով մի խումբ ամերիկացի փորձագետների կատարած հետազոտությանը:

Ֆիսկը հղում է անում ամերիկացի հրապարակախոս Սեյմուր Հերշին, որի վերջին հոդվածում ասվում է, որ Գուտայում հարձակման հետևում Թուրքիան է կանգնած:Ֆիսկը հիշեցնում է նաև, որ բրիտանական Դաունի ռազմական լաբորատորիան, որը հետազոտել է Արևելյան Գուտայից բերված նմուշները, եկել է այն եզրակացության, որ քիմիական գրոհի ժամանակ օգտագործվել է մի նյութ, որը չկա Սիրիայի բանակի սպառազինության արսենալում:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 150 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: