Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 31-ին, Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցներին: Հանդիպումից հետո նա պատասխանել է ՀՀԿ ԵԿ խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը:
Երիտասարդներից մեկը նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի նա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի վերաբերյալ՝ նկատի առնելով Աստանայում նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ընթերցված Ադրբեջանի նախագահի նամակը՝ կապված միության անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և ԼՂՀ-ն ևս այդ սահմաններում ներառելու խնդրի հետ:
Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին Ղազախստանի նախագահը հայտատարել էր, թե «Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին այն սահմանների շրջանակում, որով միացել է ԱՀԿ-ին»:
«Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ դրույթները տարածվելու են Հայաստանի տարածքի վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից: Սա քննարկման համար»,- ասել էր Նազարբաևը:
Հայաստանի նախագահն ու արտգործնախարարն անպատասխան էին թողել Նազարբաևի հայտարարությունը, ինչը հակասական կարծիքների տեղիք էր տվել. ԶԼՄ-ներում անգամ նշվում էր, թե Սերժ Սարգսյանն այդ նամակի մասին չի իմացել, անակնկալի է եկել, անգամ` խուճապի մատնվել:
«Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով այսօր Հայաստանի մաս չի կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,- պատասխանել է նախագահ Սերժ Սարգսյանը: