2 հունիսի 2014 - 11:19 AMT
Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել

Հունիսի 1-ին հրաժարական է տվել ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Դրան նախորդեց բողոքների ալիքն ու Անկվաբին հասցեագրված Աբխազիայի խորհրդարանի առաջարկը նախագահի լիազորություններից հրաժարվելու վերաբերյալ: «Երկրում կայունությունը պահպանելու նպատակով, Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, ես հրաժարական եմ տալիս Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնից: Կոչ եմ անում բոլորին հանգստություն պահպանել, պահպանել քաղաքացիական խաղաղությունը, նոր ընտրություններն անցկացնել նորմալ իրավիճակում»,-ասվում է Անկվաբի ժողովրդին ուղղված ուղերձում:

Մայիսի 29-ին Աբխազիայի խորհրդարանն անվստահություն հայտնեց վարչապետ Լեոնիդ Լակերբային, իսկ նախագահ Ալեքսանդր Անկվաբին առաջարկեց կամավոր վայր դնել լիազորությունները:

Մայիսի 28-ին ինքնահռչակ հանրապետության խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց ընթացիկ տարվա օգոստոսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:

Ալեքսանդր Անկվաբի պաշտոնանկությունն Աբխազիայի նախագահի պաշտոնից պայմանավորված է նրանով, որ Մոսկվան չի ցանկանում թույլ տալ, որ խաղաղ քաղաքացիների դեմ ուժ կիրառվի, համարում են փորձագետները: Նրանց կարծիքով, առաջիկա նախագահական ընտրություններում առաջատարը լինելու է «Ժողովրդական միասնության համաժողով» կուսակցության ղեկավար, ընդդիմադիր Ռաուլ Հաջիմբան:

Ըստ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի, Անկվաբի պաշտոնանկությունը պայմանավորված է նրանով, որ նա լուրջ սխալներ թույլ տվեց պետության կառավարման գործում:

«Հավանաբար, Անկվաբը ծանր ու թեթև արեց ամեն ինչ ու հասկացավ, որ ուժերի դասավորությունը հօգուտ իրեն չէ և որոշեց հրաժարական տալ: Կարծում եմ, որ Մոսկվայի դիրքորոշումը ծանրակշիռ դեր ունեցավ, քանի որ գլխավորը, ինչ ասվեց Անկվաբին, այն էր, որ խաղաղ քաղաքացիների դեմ ուժի կիրառում չի թույլատրվի: Այս իրավիճակում, նա համարեց, որ իշխանությունը պահելու այլ միջոց չկա»,-ասել է փորձագետը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը ենթադրում է նաև, որ Անկվաբը չստացավ Ռուսաստանի աջակցությունը, որը առանցքային դերակատարություն ունի Աբխազիայում: «Բացի այդ, նա ինքը հակված չէր գնալ քաղաքացիական պատերազմի: Աբխազիան 20 տարի առաջ պատերազմեց Վրաստանի հետ և երկրում կան հոգեբանական սահմանափակիչներ, որ նրանք չեն կարող միմյանց վրա կրակել: Քաղաքացիական պատերազմ սանձազերծել ու ընդդիմության դեմ ուժային ռեսուրսը կիրառել անհնար է հոգեբանորեն ու քաղաքականապես»,-ասել է Մակարկինը: Ըստ Ալեքսանդրովի, այժմ ընդդիմության առաջնորդը Հաջիմբան է, հավանաբար, նա էլ կլինի նախագահական ընտրությունների առաջատարը: Միևնույն ժամանակ փորձագետները չեն անտեսում նաև մեկ այլ հնարավոր թեկնածուի՝ ընդդիմության առաջնորդներից մեկին, նախկին վարչապետ Սերգեյ Շամբային: «Շամբան առավելություն ունի՝ նա կապված չի եղել ոչ Արձինբայի խմբավորման հետ, որին հարում է Հաջիմբան, ոչ Բաղապշի ու Անկվաբի խմբավորումների հետ: Նա ինքնուրույն ֆիգուր է եղել և չի միջամտել բոլոր գործերին, կապված կոռուպցիայի, «օտկատների» և այլնի հետ»,-ասել է Ալեքսանդրովը:

Ըստ փորձագետների, Աբխազիայի բանակը կպահպանի հավատարմությունը իշխանության մյուս թևերին նախագահի պաշտոնանկությունից հետո: «Աբխազիայի բանակը շատ յուրահատուկ է, հիմնականում՝ դա զինված աշխարհազորայիններ են: Այնպես որ բանակն որպես այդպիսին ոչ մի դեր չի կատարում: Բայց եթե նրանք սկզբում ասացին, որ պահպանում են հավատարմությունը նախագահին, քանի որ նախագահը հեռացավ պաշտոնից, նրանք արդեն պետք է հավատարիմ լինեն իշխանության մյուս թևերին: Այս դեպքում՝ խորհրդարանին»,-ասել է Ալեքսանդրովը: Աբխազիայի առաջնորդ, «Ժողովրդական միասնության համաժողով» կուսակցության ղեկավար Ռաուլ Հաջիմբան գտնում է, որ Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբին պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրվեն: Նախագահի պաշտոնակատար է դարձել Վալերի Բգանբան:

Աբխազիան անկախություն հռչակեց 1994 թվականի նոյեմբերի 26-ին: Այժմ հանրապետությունը ճանաչել են ՄԱԿ անդամ չորս երկրներ, առաջինը դա արեց Ռուսաստանը 2008 թվականին: Վրաստանի կառավարությունը դիտարկում է Աբխազիան որպես Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածք: ՌԴ-ից բացի Աբխազիան ճանաչել են Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն:

Ալեքսանդր Անկվաբը մասնակիորեն ճանաչված Աբխազիայի Հանրապետության երրորդ նախագահն է: Նա պաշտոնավարում էր 2011 թ. օգոստոսի 28-ից: Քրիստոնյա է, ակտիվորեն դեմ է հանդես գալիս Աբխազիայի իսլամականացմանը: Աբխազիայում Անկվաբի դեմ վեց մահափորձ է կատարվել՝ չորսը վարչապետ լինելու օրոք, մեկը՝ փոխնախագահ, մեկն էլ նախագահության ժամանակ: Մահափորձերի արդյունքում նա երկու անգամ վիրավորվել է, զոհվել են նրա երկու թիկնապահները: Մահափորձերից ոչ մեկը չի բացահայտվել: Անկվաբն ունի Աբխազիայի Հանրապետության ու ՌԴ քաղաքացիություն: