2 հունիսի 2014 - 17:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարչապետ. Կառավարությունը խորացնելու է արտաքին տնտեսական քաղաքականությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 2-ին ՀՀ նախագահն ու վարչապետը հանդիպել են ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմին և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, խոսել երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերի մասին: Նախագահը նշել է, որ հավաքն առիթ է անդրադառնալու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային ավանդաբար գոյություն ունեցող և նոր առաջացող մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղիներին:

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին, մի շարք ուղղություններով ԱԳՆ կողմից իրականացված և առաջիկա աշխատանքներին, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ընթացքին, առկա մարտահրավերներին, դրանց դիմակայելու գործում արտաքին քաղաքական գերատեսչության անելիքներին:

Նախագահը ներկայացրել է նաև գործընկեր երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակն ու խոսել հեռանկարների մասին: Նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հրադադարի հաստատումից քսան տարի հետո առկա վիճակին: Նախագահը բանակցային գործընթացում ընդգծել է հատկապես դիվանագիտության դերը և կարևորել հանդիպմանը ներկա դիվանագետներից յուրաքանչյուրի ամենօրյա հետևողական աշխատանքը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին համայն հայության ջանքերի համադրման և համակարգված աշխատելու, այդ խնդրին համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելու և Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու անհրաժեշտության մասին: Իր խոսքում նախագահն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին և այդ պարագայում տնտեսական հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև սիրիական ճգնաժամի բոլոր ռիսկերն ու հետևանքներն իրենց վրա զգացող Սիրիայի ստվար հայկական համայնքին Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նախագահն առանձնակի արժևորել է Սիրիայում ՀՀ դեսպանության և Գլխավոր հյուպատոսության գործունեությունը, որոնք այս ամբողջ ընթացքում գործուն աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը և շնորհակալություն է հայտնել այդ երկրում աշխատող մեր դիվանագետներին՝ խիզախ ու անձնվեր ծառայության համար:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

Նախագահը խոսել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում մեր երկրի կողմից իրականացվող գործուն աջակցության քայլերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է իր պարտականությունները` առաջնահերթ համարելով դաշնակցային հարաբերությունները:

Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ներկայացնելով Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառների զարգացմանն ուղղված կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, անդրադարձել արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ մեր երկրի դիվանագետներից սպասվող ակնկալիքներին:

«Հայաստանը հավատարիմ է իր հանձնառություններին, և մեր քաղաքական թիմը՝ հանրապետության նախագահի ղեկավարությամբ, դրսևորում է անհրաժեշտ կամք և սկզբունքայնություն՝ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը երաշխավորելու հարցում: Հիմք ընդունելով ՀՀ նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշները՝ ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը, երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, Հայաստանի միջազգային ներգրավվածության ամրապնդմանը»,- դիմելով դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին՝ նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խորացնելու է ակտիվ և նախաձեռնողական արտաքին տնտեսական քաղաքականությունը, բոլոր գործընկերների հետ փոխլրացնող հարաբերությունները՝ առավելագույնս օգտվելով տնտեսական ինտեգրացիոն հնարավորություններից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը և Եվրոպական միության հետ համագործակցության նոր իրավական ձևաչափի ձևավորմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին արտոնությունների ընդհանուր համակարգի ռեժիմի տրամադրումը հայ արտահանողների համար առավել գրավիչ կդարձնի եվրոպական շուկաները՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը Եվրոպա: Միաժամանակ, վարչապետի խոսքով, Եվրասիական մաքսային միությանը ՀՀ ինտեգրումը եվրոպացի ներդրողների համար բացառիկ հնարավորություններ կստեղծի ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով դուրս գալու Եվրասիական շուկա՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Եվրոպային Հայաստանի ամենամոտ լինելու հանգամանքը:

«Ներկայում ՀՀ տնտեսությունն առավել ազատական է և գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: Այս առումով մեծապես կարևորում եմ միջազգային ասպարեզում Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավման, Հայաստանի՝ որպես ներդրումային երկիր ճանաչելիության բարձրացման աշխատանքները՝ միջազգային ներդրումային համաժողովների, գործարար ֆորումների կազմակերպման, ինչպես նաև հեղինակավոր ֆինանսական և գործարար լրատվամիջոցներով քարոզարշավների իրականացման միջոցով:

Առաջնային են նաև համակարգված աշխատանքները միջազգային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման, ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման, ՀՀ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դիվերսիֆիկացման, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ:

Ներկայում բազմաթիվ բարեկամ երկրների հետ մեր ունեցած տնտեսական պատկերը չի համապատասխանում առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին, ինչն, ըստ ամենայնի, երկուստեք որոշակի պասիվության, նախաձեռնությունների պակասի կամ ոչ բավարար տեղեկացվածության արդյունք է: Այս գործում չափազանց կարևոր է դիվանագետների նպատակաուղղված, համակարգված ու հետևողական աշխատանքը»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել այնպիսի փոշխահավետ առևտրատնտեսական ու գործարար համագործակցության կայացմանը, որի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում:

Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, ինչպես նաև գործընկեր պետությունների հետ քաղաքական երկխոսության ընդլայնման տեսանկյունից առանցքային են միջտարածաշրջանային համագործակցության ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը ստեղծելու է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ այդ ծրագրերի արդյունավետության բարձրացման և տարածաշրջանային բնույթի համատեղ ձեռնարկությունների թվի ավելացման համար: Վարչապետը հորդորել է դիվանագետներին առանձնակի ուշադրության արժանացնել ՀՀ մարզերի և քաղաքների կողմից ՀՀ արտգործնախարարությանը ներկայացված տեղեկատվության ճիշտ և նպատակային շրջանառության ապահովման խնդիրը՝ տարբեր երկրների վարչատարածքային միավորների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ՀՀ ԱԳՆ-ի և արտաքին տնտեսական հարաբերությունների համար պատասխանատու գերատեսչական մարմինների միջև համագործակցության առավել խորացումը՝ ՀՀ գործարար հնարավորությունների և ներդրումային պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունն օտարերկրյա ներդրողներին առավել հասանելի դարձնելու համար:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հարկ է նոր լիցք հաղորդել արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու ուժեղացմանն ուղղված միջոցների մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին: Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ գործադիրի առանցքային խնդիրներից է Հայաստան-սփյուռք համագործակցության հետագա զարգացման ապահովումը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է սփյուռքի օգնության զուգորդումն ակտիվ գործարար աջակցությամբ և տարբեր ծրագրերով՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը կխրախուսի ու կաջակցի սփյուռքի ներդրումները ՀՀ զարգացման գործում:

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու հարցում:

ՖՈՏՈՇԱՐՔ