Հունիսի 2-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանում ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռների պատճառով մահացել է Անդրանիկ Գանթարճեանը (1957թ.): Նրա մարմինը հայտնաբերվել է ավերված շենքի փլատակների տակ, գրում է սիրիական «Գանձասար» թերթը Facebook-ի իր էջում:
Նույն շրջանում փլատակների տակ հայտնաբերվել է վիրավոր Մանուկ Ղազէլեանը: Իսկ Ճալաա շրջանում ընկած հրասանդի հետևանքով վիրավորվել է Յովսէփ Արամեանը: Վիրավորների վիճակը կայուն է:
Հունիսի 2-ին` տեղի ժամանակով 12:55-ին, 4 հրթիռ է ընկել Զվարթնոց եկեղեցու շրջակայքում: Վիրավորվել է Յարութ Իսկէնեանը, վիճակը կայուն է:
Հունիսի 1-ին հայկական թաղամասի խաղաղ բնկաչությունը դարձյալ հթիռակոծվել է: Ըստ Al Mayadin հեռուստաալիքի, 23 մարդ զոհվել է և 76 –ը՝ վիրավորվել: Ըստ հեռուստաալիքի, Սիրիայի կառավարական զորքերը հսկողության տակ են վերցրել Հալեպից դեպի հյուսիս գտնվող վեց գյուղեր:
Նոր Գյուղ հայկական թաղամասում վիրավորվել են Զարեհ Քահքեճյանն ու Հրաչյա Պայթարը, որոնք հիվանդանոցում են գտնվում: Նրանց վիճակը կայուն է: Թաղամասին մեծ նյութական վնաս է հասցվել:
Մայիսի 30-ի երեկոյան սիրիացի զինյալ գրոհայինները 22 «հրասանդ ռումբեր» են արձակել Դամասկոսի Նոր գյուղ հայկական թաղամասի վրա: Ինչպես գրում է սիրիական «Գանձասար» թերթը Facebook-ի իր էջում, Al Mayadin հեռուստաալիքի վրա հղումով, ռումբերի պայթյունից զոհվել է 22 մարդ, 77-ը վիրավորվել են:
Հրասանդի ռումբերը պատրաստվում են անհատական՝ նավթամթերքի համար նախատեսված մետաղյա տակառից, որը լցոնվում է պայթուցիկով:
Դամասկոսի արևելյան արվարձաններում բախումները շարունակվում են: Իսկ կենտրոնի բնակելի խաղաղ թաղամասերում միջադեպեր են գրանցվում արձակվող հրթիռների պատճառով: Այս մասին «Ազդակ»-ին հղումով հայտնում է Perio News-ի ֆեյսբուքյան էջը:
Չորեքշաբթի օրը Ազազին թաղամասի Պաղտատ փողոցում հրասանդի հրթիռի պատճառով միջին աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել դամասկահայ հայր և դուստր Ռուբեն և Մարո Դանիելյանները, որոնց վիճակը կայուն է, սակայն բուժման կարիք կա:
Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:
Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: