Պաշտոնական Բաքվի ռեվերանսները Նազարբաևի հասցեին հայ-արցախյան սահմանի վերաբերյալ վերջինիս մտահոգության առնչությամբ, նման են Ռուսաստանին հրապարակավ նվաստացնելու փորձերին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է հրապարակախոս Դենիս Դվորնիկովը: Ըստ նրա, բանն այն է, որ Ադրբեջանն այնքան կապ ունի Եվրասիական միության հետ, որքան Սուրինամը կամ Կամբոջան: «Կարծում եմ, սա լավ առիթ է ռուս մարդկանց համար մտածելու, թե ո՞ւմ շահերից է բխում Եվրասիական միության ստեղծումը, ի՞նչ կապ ունի այն ռուսական և քրիստոնեական աշխարհի զարգացման հետ: Որքանո՞վ է տրամաբանական, որ միությունից դուրս են մնում ուղղափառ ժողովրդներն ու պետությունները: Նրանց համար, ով մտածում է բարելներով ու շահույթով, դա կարևոր չէ: Իսկ նրանց, ով մտածում է քաղաքակրթության հետագա զարգացման մասին, ռուսական եվրոպական ինքնության մասին, դա պետք է մտահոգի: Այնպես որ, կարելի է շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին հավանական եվրասիական հեռանկարներն ուրվագծելու համար»,-ասել է նա:
Մեկնաբանելով Ալիևի մշտական հայտարարությունները Հայաստանի հասցեին՝ Դվորնիկովն ասել է, «Ինչ վերաբերում է արդեն ծիսակարգի վերածված վայնասունին «հայկական ագրեսիայի» վերաբերյալ, ապա դրան շատ հանգիստ է պետք վերաբերվել: Ադրբեջանական ղեկավարությունը պարտավոր է կրկնել այդ մանտրաները՝ դա նրա աշխատանքն է: Նրանք իրենք են արդեն հոգնել «մեկ միլիոն փախստականների» մասին անընդհատ խոսելուց, բայց վախենում են: Այն հայերը, որոնք վրդովվում են ու փորձում են նույնքան զգացական կերպով հերքել, նույն մակարդակի վրա են կանգնում «բաքվեցի երազողների» հետ, որոնք փողի դիմաց հորինում են այս ամբողջ զառանցանքը: Դրան կարելի է հակադրել միայն դրական կառուցողականությունը: Մարդիկ պետք է իմանան Արցախի խաղաղ կյանքի, զբոսաշրջության մասին: Այն մասին, որ գյուղատնտեսությունն ու կաթնամթերքի արտադրությունն այնտեղ շատ ավելի զարգացած է, քան նավթով հարուստ Ռուսաստանի շրջաններից շատերում: Իսկ բիզնես վարելու պայմաններն ուղղակի եզակի են նախկին ԽՍՀՄ տարածքի համար»: