9 հունիսի 2014 - 19:35 AMT
Արագ սպառման ապրանքների առևտրի ոլորտը` ըստ Ամերիայի

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է ՀՀ մանրածախ առևտրի, մասնավորապես արագ սպառման ապրանքների առևտրի ոլորտի երկրորդ համապարփակ ուսումնասիրության արդյունքները:

Հետազոտության զեկույցը ներկայացնում է ինչպես 2014 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքները, այնպես էլ համադրումներ է կատարում 2012 թվականին իրականացված առաջին ուսումնասիրության արդյունքների հետ, ինչը հնարավորություն է ընձեռում ներկայացնել տվյալ ոլորտի վերջին տարիների զարգացումները, շուկայի հիմնական մասնակիցների (սուպերմարկետների) հակիրճ վերլուծությունը, շուկայի զարգացման հիմնական միտումները:

Հետազոտությունը կազմված է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային տվյալների հիման վրա: Այս հետազոտության շրջանակում իրականացվել է հարցում Երևանում` 1,000 մասնակիցների շրջանում:

Ուսումնասիրության արդյունքները միտված են հնարավորություն ընձեռել բոլոր շահագրգիռ անձանց գնահատել շուկայի միտումները, տվյալ ոլորտի առաջարկի և պահանջարկի առանձնահատկությունները, շուկայի հիմնական մասնակիցներին, նրանց ուժեղ ու թույլ կողմերը, շուկայում առկա հնարավորությունները:

Համաձայն ուսումնասիրության Երևանում արագ սպառման ապրանքների (ԱՍԱ) շուկայի ծավալը 2 տարվա ընթացքում կրճատվել է մոտ 4%-ով (իսկ ԱՄՆ դոլարով արտահայտվելու դեպքում՝ 6%), ինչը պայմանավորված է բնակչության ԱՍԱ ծախսերի կրճատմամբ, որն էլ իր հերթին բացատրվում է ընդհանուր եկամուտների չաճելու պարագայում այլ ծախսերի առաջնահերթությամբ: Մասնավորապես, 2013թ. կեսից զգալիորեն աճել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները:

Ուշագրավ է նաև, որ առավել բարձր եկամտային խմբի տնային տնտեսությունները հիմնականում չեն կրճատել ԱՍԱ ծախսերը, ի տարբերություն ավելի ցածր եկամտային խմբերի: Հաշվի առնելով նաև, մակրոտնտեսական տվյալներով բնակչության եկամուտների և ծախսերի որոշակի աճը, կարելի է փաստել, որ Երևանում շարունակվում է բնակչության բևեռացման մեծացումը: Միջինում 1 տնային տնտեսության ԱՍԱ ամսական ծախսերը 2014թ. գնահատվում են 144 հազար ՀՀ դրամ:

Բնակչության ԱՍԱ ծախսերի կրճատումը, ինչպես նաև 2012թ. ամենամեծ սուպերմարքեթների ցանցի՝ «Սթար»-ի գործունեության դադարեցումը հանգեցրեցին նրան, որ սուպերմարքեթների և հիպերմարքեթների կշիռը նվազեց Երևանի ընդհանուր ԱՍԱ շուկայում՝ 52%-ից 47%-ի: Փոխարենն աճել է մեծ մթերային և փոքր խանութների դերը այդ շուկայում:

Համաձայն հետազոտության կանայք ավելի ակտիվ գնորդներ են, քան տղամարդիկ: Գնորդների կառուցվածքում կանանց կշիռն ավելի քան 2 անգամ գերազանցում է տղամարդկանցը: Առավել ակտիվ խումբը գնորդների կառուցվածքում 46-55 տարեկան կանայք են՝ ընդհանուրի 15%-ը:

Այս շուկայում գլոբալ զարգացման միջին և երկարատև ժամանակահատվածի միտումները (այդ թվում նաև համադրելի երկրներում) վկայում են, որ սուպերմարքեթների և հիպերմարքեթների զարգացումն ավելի մեծ պոտենցիալ ունի: Ուստի, այս շուկայում սպասվում է մրցակցության սրացում, հատկապես, հաշվի առնելով «Քարֆուր»-ի սպասվելիք մուտքը շուկա: Առավել հավանական է, որ «Քարֆուր»-ի մուտքը հատկապես կսրի մրցակցային իրավիճակը տեսականու և սպասարկման որակի առաջատար սուպերմարքեթների համար: Հետազոտողները եզրակացնում են, որ «Քարֆուր»-ի մի քանի խանութի առկայության դեպքում կթեժանա մրցակցությունը նաև գին-որակ համադրությամբ առաջատար սուպերմարքեթների և մթերային ու փոքր խանութների համար:

Հետազոտության արդյունքներն առավել մանրամասնությամբ կներկայացվենհունիսի 10-ին նախատեսվող շնորհանդեսի ժամանակ, որին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ կողմերը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ մասնակիցներ:

Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն: