Քանի որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը, Բաքուն Փարիզից նախաձեռնության կոնկրետ զարգացում է ակնկալում: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտից հետո ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Անդրադառնալով Լավրովի հետ բանակցություններին՝ Մամեդյարովը հայտնել է, որ քննարկումների թեմաներից մեկը ղարաբաղյան կարգավորումն էր: «Քննարկել ենք՝ ինչ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարժվեն մեռյալ կետից, քանի որ ստատուս քվոն անընդունելի է»,- հայտարարել է Մամեդյարովը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում ահաբեկչության աճի վերաբերյալ: «Դա վտանգավոր է և Ռուսաստանի, և Ադրբեջանի, և Եվրոպայի համար»,- ասել է Լավրովը:
«Բանակցություններն օգտակար էին: Հարաբերությունները զարգացնում ենք բարեկամության, փոխըմբնռման հիման վրա: Անցած շրջանում ամենաինտենսիվ բանակցությունները եղել են Ադրբեջանի հետ»,- ասել է Լավրովը՝ հիշեցնելով ՌԴ նախագահի այցն Ադրբեջան 2013-ի օգոստոսին:
Կողմերը քննարկել են նաև Կասպից թեմատիկան: «Պայմանավորվել ենք ընդլայնել գործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանում: Միանգամայն գոհ եմ բանակցությունների արդյունքից»,- շարունակել է Լավրովը:
Անդրադառնալով Ուկրաինայի իրադարձություններին՝ Լավրովը քննարկել է Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական դրություն հայտարարելու ծրագրերը: Նրա կարծիքով, դա էլ ավելի ձեռնատու կլինի ուկրաինական իշխանություններին: «Մարդկանց մահն ազդանշան է, որ հարկավոր է դարարեցնել կրակն այդ երկրում»,- ասել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի անդամակցությանը ԵՏՄ-ին, ապա Սերգեյ Լավրովն ասել է, որ Ադրբեջանին պաշտոնապես չի առաջարկվել անդամակցել ԵՏՄ-ին: «Բայց Մոսկվան միշտ ուրախ է, երբ իր գործընկերները հետաքրքրություն են դրսևորում եվրասիական տարածքի հանդեպ»,- ասել է նա:
Լավրովը նշել է, որ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում: «Ինտեգրացիոն գործընթացներն իրականացվում են Մաքսային միության անդամ երկրների տարածքում, իսկ Լեռնային Ղարաբաղն անդամ չէ»,- ասել է նա, հայտնում է «Թուրքան» գործակալությունը:
Սերգեյ Լավրովի Բաքու այցելության ծրագրով նախատեսված է հանդիպում նախագահ Ալիևի հետ:
Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին Ղազախստանի նախագահը հայտատարել էր, թե «Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին այն սահմանների շրջանակում, որով միացել է ԱՀԿ-ին»:
«Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ դրույթները տարածվելու են Հայաստանի տարածքի վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից: Սա քննարկման համար»,- ասել էր Նազարբաևը:
Հայաստանի նախագահն ու արտգործնախարարն անպատասխան էին թողել Նազարբաևի հայտարարությունը, ինչը հակասական կարծիքների տեղիք էր տվել. ԶԼՄ-ներում անգամ նշվում էր, թե Սերժ Սարգսյանն այդ նամակի մասին չի իմացել, անակնկալի է եկել, անգամ` խուճապի մատնվել:
2013թ. սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանն ու ընդգրկվել եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին: