Ավագ սերժանտ Նարեկ Պողոսյանը, որի զոհվելու մասին հայտնի էր դարձել նախօրեին, մահացել է Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիայի հերթական փորձի ժամանակ: Razm.info-ն գրում է, որ հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա են կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ է ունեցել։ Հակառակորդի դեմ մարտում զոհվել է պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ արևմտյան զորամասերից մեկում լուսադեմին «զինված միջադեպ» է տեղի ունեցել. զինծառայողը հրազենից արձակված կրակոցով իր մի ծառայակցին սպանել է, մեկ ուրիշին` վիրավորել, ապա ինքնասպանություն գործել:
Հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան (Արարատ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացել է1994 թվականին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:
ՊՆ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի մահվան դեպքին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ նա մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Նախարարի խոսքով՝ հարուցվել է քրեական գործ. «Քննությունը կպարզի դեպքի հանգամանքները: Ամեն ինչ անում ենք, բայց այսօր զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել»,- հավելել է նախարարը: