24 հունիսի 2014 - 12:48 AMT
Արգենտինահայերը Հռոմի պապին խնդրում են միջամտել սիրիական հակամարտությանը

Արգենտինայի հայ համայնքը խնդրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին միջամտել սիրիական հակամարտությանը: Համայնքի ներկայացուցիչները վստահ են, որ Պապի խոսքը կկարողանա խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքի հակամարտ այդ գոտում և ապահովել փախստականների վերադարձը իրենց տներ: Ինչպես հայտնում է Agencia Prensa Armenia-ն, Պապին ուղղված նամակում արգենտինահայերը գրել են Սիրիայում քրիստոնյա փոքրամասնության ծանր վիճակի մասին՝ մատնանշելով հարձակումները Քեսաբի և Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա: «Տարբեր ազգությունների մարդիկ, տարբեր լեզուների ու գաղափարների կրողները կարող են ապրել հաշտ ու համերաշխ»,-ասվում է նամակում:

Հունիսի 9-ին Հալեպի և Նոր Գյուղի հայ բնակչությունը կոչ արեց անհրաժեշտ ու շտապ քայլեր ձեռնարկել փրկելու համար Սփյուռքի օրրանը ոչնչացումից: Perio News-ի Facebook-ի էջում զետեղված հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ սփյուռքի նախարարությունը անհապաղ պետք է միջոցների հանգանակություն սկսի «Փրկենք Նոր Գյուղը» կարգախոսով: Միջոցների հանգանակությունը պետք է ավարտել միայն այն ժամանակ, երբ կավարտվի քաղաքացիական պատերազմը Սիրիայում: Դրանից հետո անհապաղ ձեռնամուխ լինել հայկական թաղամասի վերականգնմանը: ՀՀ ԱԳՆ-ն պետք է հանդես գա բողոքի նոտաներով ու հայտարարություններով: Արդեն գաղտնիք չէ, որ հայ բնակչությունը Սիրիայի տարածքում ոչնչացվում է թուրքամետ ու թուրքական զինյալ ջոկատների կողմից: Այս պայմաններում լռությունը և դիվանագիտական անգործությունը հղի են բացասական հետևանքներով»:

Սիրիահայերը նաև կոչ են անում ՀՀ բնակչությանը համախմբվել սիրիացի հայրենակիցներին փրկելու համար: «Պետք է մի կողմ թողնել քաղաքական ու կուսակցական, կրոնական և այլ տարաձայնությունները: Հարկավոր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սիրիահայ համայնքը փրկելու համար: Սփյուռքյան բոլոր կառույցներն ամբողջ աշխարհում պետք է ճշմարտությունը հասցնեն աշխարհին սիրիահայերի վիճակի մասին և ճշմարիտ տեղեկություններ հաղորդեն այն ամենի մասին, ինչ կատարվում է Սիրիայում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 2-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանում ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռների պատճառով մահացել է Անդրանիկ Գանթարճյանը (1957թ.): Նրա մարմինը հայտնաբերվել է ավերված շենքի փլատակների տակ, գրում է սիրիական «Գանձասար» թերթը Facebook-ի իր էջում: Նույն շրջանում փլատակների տակ հայտնաբերվել է վիրավոր Մանուկ Ղազելյանը: Իսկ Ճալաա շրջանում ընկած հրասանդի հետևանքով վիրավորվել է Հովսեփ Արամյանը: Վիրավորների վիճակը կայուն է: Հունիսի 2-ին` տեղի ժամանակով 12:55-ին, 4 հրթիռ է ընկել Զվարթնոց եկեղեցու շրջակայքում: Վիրավորվել է Հարութ Իսկենյանը, վիճակը կայուն է:

Հունիսի 1-ին հայկական թաղամասի խաղաղ բնկաչությունը դարձյալ հթիռակոծվել է: Ըստ Al Mayadin հեռուստաալիքի, 23 մարդ զոհվել է և 76 –ը՝ վիրավորվել: Ըստ հեռուստաալիքի, Սիրիայի կառավարական զորքերը հսկողության տակ են վերցրել Հալեպից դեպի հյուսիս գտնվող վեց գյուղեր:

Նոր Գյուղ հայկական թաղամասում վիրավորվել են Զարեհ Քահքեճյանն ու Հրաչյա Պայթարը, որոնք հիվանդանոցում են գտնվում: Նրանց վիճակը կայուն է: Թաղամասին մեծ նյութական վնաս է հասցվել: Մայիսի 30-ի երեկոյան սիրիացի զինյալ գրոհայինները 22 «հրասանդ ռումբեր» են արձակել Դամասկոսի Նոր Գյուղ հայկական թաղամասի վրա: Ինչպես գրում է սիրիական «Գանձասար» թերթը Facebook-ի իր էջում, Al Mayadin հեռուստաալիքի վրա հղումով, ռումբերի պայթյունից զոհվել է 22 մարդ, 77-ը վիրավորվել են:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) սկսել է #SaveAleppo արշավը: Սիրիական այդ քաղաքի հայ բնակչությունը, որը քաղաքի բնակիչների մեկ չորրորդն է կազմում, վերջին օրերին գնդակոծվում է զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածել են աղետի գոտու:

ANCA-ն կոչ է անում հեռաձայնել կամ գրել նախագահ Օբամային և կոչ անել անհապաղ միջամտել. առաջինը, դադարեցնել Հալեպի քրիստոնեական թաղամասերի ռմբակոծությունները, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրերի հոսքը դեպի Սիրիա, և երրորդը՝ պատասխանի վերջապես ANCA-ի հարցմանը Քեսաբի վրա Թուրքիայի հարձակման դերի մասին:

Եվրոպայի Հանուն արդարության ու ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել, հասցեագրված Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել կասեցնելու համար Նոր Գյուղի հայ բնակչության բնաջնջումը:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: