Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա էին կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ էր ունեցել՝ զոհվել էր պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, արևմտյան զորամասերից մեկում լուսադեմին «զինված միջադեպ» էր եղել. զինծառայողը հրազենից արձակված կրակոցով իր մի ծառայակցին սպանել էր, մեկ ուրիշին` վիրավորել, ապա ինքնասպանություն գործել:
Հունիսի 15-ից՝ 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: