«Ղարաբաղյան հակամարտությունը բարդ հակամարտություն է, ես կասեի նույնիսկ հետխորհրդային տարածքի ամենաբարդ հակամարտություններից է: Այստեղ հեշտ լուծում չկա»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում և ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակության նախագահ, ՌԴ Պետդումայի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը: Ըստ նրա, Ռուսաստանը կարող է միայն հորդորել կողմերին փոխընդունելի լուծում գտնել:
«Հասկացեք, Հայաստանը մեր դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ մեր բարեկամն ու հարևանը, ուստի Ռուսաստանը չի կարող ղարաբաղյան հարցում սատարել կողմերից մեկին: Բայց կանենք մեզանից կախված ամեն ինչ այս հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է Պուշկովը, գրում է Haqqin.az-ը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-ին Երևանում անդրադարձել է ԼՂՀ հիմնախնդրին` շեշտելով հակամարտության կարգավորման հարցում հետևողականության անհրաժեշտությունն ու նշելով, որ Ռուսաստանը, լինելով համանախագահող երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի և ՀՀ նախագահների միջև անցյալ տարի ծագած ուղղակի երկխոսությունը լինի շարունակական:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազա գոյություն ունի, նկատի ունեմ համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիներին հնչեցրած սկզբունքները: Խնդիրն այդ սկզբունքները փաստացի իրագործելն է»,- հայտարարել է նախարար Լավրովը: Նա նաև նշել է, որ ՌԴ-ն աջակցում է ցանկացած ճիգ, որը կբերի կամ կմերձեցնի ղարաբաղյան հակամարատության կարգավորումը: Ըստ նրա, ինչքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, այնքան գործընթացը մեծ թափ կստանա: