Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է սոցհարցման տվյալներն այն մասին, թե ինչպես են ռուսաստանցիները վերաբերվում Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի անդամակցությամբ, ինչպիսին կցանկանային տեսնել այդ միավորումը, որ քաղաքը կարող է դառնալ նրա մայրաքաղաքը, ինչպես նաև ԱՊՀ որ երկրներին կարելի է հրավիրել անդամակցության: Ինչպես ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ, Եվրասիական տնտեսական միությունը մեծ աջակցություն է վայելում ռուսաստանցիների շրջանում՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միավորմանը դրական է վերաբերվում ՌԴ քաղաքացիների 70 տոկոսը:
Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիրը:
Հարցման մասնակիցների միայն 4 տոկոսն է բացասաբար արտահայտվել միավորման ստեղծման մասին: Իսկ ռուսաստանցիների մեկ քառորդը՝ 25 տոկոսը, դժվարացել է որոշակի վերաբերմունք հայտնել:
Ռուսաստանցիների 41 տոկոսը Եվրասիական միությունը ցանկանում է տեսնել որպես նոր միավորում, որն իր ձևը կունենա ու աշխատանքի սկզբուքները: Այդ դիրքորոշումն ավելի հատուկ է բարձր կրթությամբ հարցման մասնակիցներին՝ 76 տոկոս, քան տարրական կրթությամբ մարդկանց՝ 19 տոկոս: Յուրաքանչյուր չորրորդը (27 տոկոս) կողմ է որպեսզի միությունը ԽՍՀՄ նոր դրսևորումը լինի՝ պահպանելով մասնակից երկրների քաղաքական անկախությունը: Եվս 10 տոկոսւ կարծում է, որ ԵՏՄ-ն պետք է լինի Եվրամիության եվրասիական տարբերակը:
Որպես ԵՏՄ հավանական մայրաքաղաք յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցի առաջարկում է ընտրել Եկատերինբուրգը՝ 34 տոկոս: Մոսկվայի օգտին հանդես է գալիս հարցվածների 28 տոկոսը, ընդ որում գյուղերի բնակիչներն ավելի հաճախ՝ 26 տոկոս, քան մոսկվաբնակները կամ պետերբուրգցիները՝ 17 տոկոս: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի թեկնածությանը կողմ է հարցվածների 16 տոկոսը: Միայն 5 տոկոնս է որպես մայրաքաղաք տեսնում Մինսկը, ևս 4 տոկոսն այլ քաղաքներ են առաջարկել:
Այն երկրների թվում, որոնց անդամակցությունը ԵՏՄ-ին ցանկալի է, ռուսաստանցիներն առավել հաճախ անվանել են Հայաստանը՝ 45 տոկոս: Հայաստանի ղեկավարությունն արդեն հայտարարել է ԵՏՄ-ին անդամակցելու մտադրության մասին: Ադրբեջանին, Ղրղզստանին և Մոլդովային Միությունում ցանկանում է տեսնել յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցի՝ 23, 20 և 20 տոկոս համապատասխանաբար: ԵՏՄ-ին Ուզբեկստանի մասնակցության օգտին է հանդես գալիս հարցվածների ընդամենը 17 տոկոսը, Տաջիկստանի ու Վրաստանի՝ 14 տոկոսը: Ավելի քիչ են ԵՏՄ-ում Ուկրաինային տեսնել ցանկացողները՝ 10 տոկոս: Իսկ հարցվածների 13 տոկոսը կարծում է, որ ԵՏՄ-ն դեռ չպետք է ընդլայնվի:
Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցման մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: յդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին, ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը»,- գրել է Իդրիսովը՝ պատասխանելով օգտատերերի հարցին Twitter հեռարձակման ընթացքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 1-ին արտգործնախարարությունում կայացած դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում:
Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջպետական համաձայնեցման է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:
«Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին մինչև հուլիսի 1-ը: Կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) արդեն նախապատրաստված պայմանագիրը ներկայացրել է միջպետական համաձայնեցման»,-ասել է Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի կուլուարներում: Ընդ որում նա չի կարողացել նշել պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ: «Ստորագրման ժամկետի վերաբերյալ որոշում չի կայացվել: Որոշվել է նախապատրաստել պայմանագիրը: Երեկ պայմանագիրն ուղղվեց միջպետական համաձայնեցման, և քանի որ հարցերը շատ խորն են ուսումնասիրվել, հուսով ենք, որ միջպետական համաձայնեցումը երկար չի տևի»,- ասել է Քոչարյանը:
«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրման համար պատրաստ կլինի այս ամսվա վերջում: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն այժմ պետք է որոշեն ստորագրման վայրն ու ժամկետը»,- հունիսի 26-ին հայտարարել է ԵՏՄ ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին:
Ավելի վաղ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կարծիք էին հայտնել, որ Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման ժամկետները հետաձգվում են:
Մայիսի 29-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը:
«Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները: