3 հուլիսի 2014 - 17:11 AMT
150 մլն դոլար՝ Հյուսիս-հարավ ճանապարհին․ Գումարը կտրամադրի ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամը

ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը որոշել է «Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցում» (4 փուլ) նախագծի ֆինանսավորման համար Հայաստանին 150 մլն դոլարի ներդրումային վարկ տրամադրել:

«Որոշումը կայացվել է Եվրասիական զարգացման բանկի դրական եզրակացության հիման վրա, որը Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչն է»,- հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, գրում է Kazakhstan Today-ը:

Մայիսի վերջում Հայաստանի ֆինանսների նախարարությունը Զարգացման եվրասիական բանկին, որպես ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարչի, փոխանցեց «Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցման» (4 փուլ) ծրագրի նախագիծը և 150 մլն դոլարի ներդրումային ֆինանսավորման հայտը: Ըստ Հիմնադրամի նախագծային խմբի ղեկավար Ալեքսեյ Չերեկաևի, 2013-ի հունիսին նախնական հավանության արժանացած ֆինանսավորման գումարը կազմում էր 100 մլն դոլար, սակայն, տեխնիկա-տնտեսական հիմնավորման նախագծի հստակեցումից հետո Հայաստանի ներկայացրած հայտի գումարը ավելացավ մինչև 150 մլն դոլար:

2010-ին ՀՀ կառավարության հավանություն էր տվել ավտոմայրուղու շինարարությանը։ Ծրագրի իրականացման համար պայմնագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնցով ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի հաշվարկային արժեքը մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար է: Այն բաժանված է 5 տրանշերի: Շարունակվում է նաև բանակցային գործընթացներ միջանցքի հյուսիսային և հարավային հատվածների կառուցման նպատակով այլ դոնորների ներգրավման ուղղությամբ:

Ավտոմայրուղու շինարարության տևողությունը 5-6 տարի է:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսին: Ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի հարավից՝ հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: