11 հուլիսի 2014 - 19:36 AMT
Հակառակորդի կրակոցից շփման գծում զինվոր է զոհվել

Հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ին ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հունիսի 24-ին շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու գնդակային վիրավորում էր ստացել Արմեն Ավետիսյանը, որն ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։

Հուլիսի 10-ին ԼՂՀ ՊՆ-ն տեղեկություն էր տարածել ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը՝ ձերբակալվել, մյուսները դիմել էին փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չէր ունեցել:

Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա էին կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ էր ունեցել՝ զոհվել էր պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, արևմտյան զորամասերից մեկում լուսադեմին «զինված միջադեպ» էր եղել. զինծառայողը հրազենից արձակված կրակոցով իր մի ծառայակցին սպանել էր, մեկ ուրիշին` վիրավորել, ապա ինքնասպանություն գործել: