19 դեկտեմբերի 2002 - 19:09 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ «ԹԵԺ ԳԾՈՎ» ԴԻՄԵԼ ԵՆ ՊՈՒՏԻՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԱՆՋԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լեռնային Ղարաբաղի մի խումբ լրագրողներ դիմել են Մոսկվայի հեռախոսային կենտրոն, ուր «թեժ գծով» գալիս են հարցեր, որոնց այսօր ուղիղ եթերով պատրաստվում է պատասխանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հարցը վերաբերվում է Մոսկվայի միջքաղաքային հեռախոսագծերով իրագործվող Լեռնային Ղարաբաղի հետ ավտոմատ հեռախոսակապի անջատմանը Ռուսաստանի կողմից: Դիմումում նշվում է, որ դրա արդյունքում Լեռնային Ղարաբաղում էթնիկ արմատներ ունեցող, Ռուսաստանի մոտ 400 հազար քաղաքացիներ զրկվել են իրենց հարազատների եւ մերձավորների հետ կապվելու հնարվորությունից: Ղարաբաղցի լրագրողները դիմել են Վլադիմիր Պուտինին հետեւյալ հարցերով` չի համարում արդյո՞ք նա Լեռնային Ղարաբաղի հետ հեռախոսակապի ուղեփակումը մարդու իրավունքների եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների խախտում: Արդարացի է արդյո՞ք մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի հետ կապից, նույնիսկ եթե նրա միջազգային-իրավական կարգավիճակը դեռեւս որոշված չէ: Վտանգ չի տեսնում նա արդյո՞ք այն բանում, որ նման ոչ բարեկամական քայլը կարող է հակառուսական տրամադրություններ առաջացնել հայ ժողովրդի մոտ, որն ավանդաբար բարեկամական զգացմունքներ է տածում Ռուսաստանի հանդեպ: Ուղերձում հույս է հայտնվում, որ Ռուսաստանի նախագահը կօգնի շտկել ստեղծված իրավիճակը: