25 մայիսի 2006 - 17:28 AMT
Մոտ ապագայում չի կարելի ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորում, գտնում են Բաքվում
Առաջիկա տարիներին չի կարելի ակնկալել ղարաբաղյան հակամարտության ուծումը: Այդ խնդիրը ավելի կոնսերվացվում եւ մտնում է փակուղի: Այդ մասին Բաքվում հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը: Նրա խոսքերով, դրան են նպաստում արտերկրի տերությունները: «Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության օգնությամբ ազդում է ոչ միայն երկու երկրների արտաքին քաղաքականության վրա, այլ նաեւ կարող է ազդել Հայաստանում կառավարությունների փոփոխման վրա: Սկզբունքորեն, հակամարտությունները Կովկասում Ռուսաստանը դիտարկում է որպես այդ տարածաշրջանի երկրների վրա իր ազդեցության աղբյուր»,-նշել է նա:
Իսա Ղամբարը գտնում է, որ Մոսկվան պատրաստ է գնալ հակամարտության լուծման միայն այն դեպքում, եթե հակամարտության գոտում տեղակայվեն իր խաղաղարար ուժերը: «Արեւմուտքը ցանկանում է իրադրությունը փոխել առանց Ռուսաստանի մասնակցության: Այս ամենը հանգեցնում է նրան, որ հակամարտության կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում շփման եզրեր գտնել»,-ասել է կուսակցության նախագահը: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Բաքուն պնդում է, թե չի համաձայնվի ոչ մի որոշման, որը կհակասի տարածքային ամբողջականության սկզբունքին: «Հայաստանը անուղղակիորեն, իսկ երբեմն բացահայտ հայտարարում է, թե մտադիր չէ ետ կանգնել իր քաղաքականությունից: Այդ դեպքում, մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի»,-հայտարարել է Ղամբարը, հաղորդում է Day.az-ը: