25 մայիսի 2006 - 18:04 AMT
ԱՄՆ կոնգրեսականները դեմ են դեսպան Ջոն Էվանսին Հայաստանից ետ կանչելու գաղափարին
ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական էդվարդ Մարկիի գլխավորությամբ նամակ են հղել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` խնդրելով պարզաբանել թե արդյոք Հայաստանից ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու պատճառն իրոք Հայոց ցեղասպանությունը ճանաչելն է: Հարցումը արվել է այն բանից հետո, երբ Սպիտակ տանը սկսվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար
Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածության քննարկումը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Դեսպան Ջոն էվանսը ետ կկանչվի Սենատի կողմից Հոգլանդի թեկնածության հաստատումից հետո: «Մենք չպետք է թույլ տանք ետ կանչել մեր դեսպանին երկրից այն բանի համար, որ նա ճիշտ սահմանում է տվել 1915 թվականի իրադարձություններին»,-ասվում է նամակում: Կոնգրեսականները հիշեցրել են պետաքարտուղարին, որ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, ճիշտ գնահատելով իրադարձությունները: «Դեսպան Էվանսը միայն կրկնել է այն եզրակացություններն, որ արել էր ԱՄՆ նախկին նախագահը: Մենք դիտարկում ենք այդ քայլը որպես կազմալուծող նախադեպ, երբ դեսպանը ետ է կանչվում պատմական իրադարձությունների մասին ճշմարտությունն ասելու համար: Դա վնասում է ԱՄՆ հեղինակությանը»,-ընդգծվում է նամակում: Կոնգրեսականները նաեւ մեղադրել են Պետդեպարտամենտին այդ հարցում Թուրքիայի ազդեցության տակ գործելու համար:

ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Էդվարդ Մարկիին եւ նրա 59 գործընկերներին աջակցության համար: «Հայկական սփյուռքը ափսոսում է Բուշի վարչակազմի որոշման համար, որը վկայում է համարձակության բացակայության մասին: Մենք կոչ ենք անում ԱՄՆ Սենատին լսումներ անցկացնել եւ մանրակրկիտ հետազոտել Էվանսին Հայաստանից ետ կանչելու որոշման պատճառները»,-նշել է Համբարյանը: