ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը օգոստոսի 3-ին հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի միջադեպերի և դրանք լուսաբանող մամուլի հրապարկումների առնչությամբ, ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Շփման գծում տեղի ունեցող վերջին միջադեպերի վերաբերյալ հաղորդումները մտահոգության առիթ են տալիս: Ցանկացած կորուստ ողբերգություն է զոհվածի ընտանիքի և հարազատների համար: Այս առնչությամբ ԵԱՀԿ գործող նախագահն ու համանախագահներն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումն օգոստոսի 2-ի հայտարարությունում», - ընդգծել է դեսպանը:
Նա հավելել է, որ լարվածությունը թուլացնելու նպատակով իր լիազորությունների շրջանակում շարունակելու է կապ պահպանել կողմերի հետ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով:
«Ես և ղեկավարածս խումբը շարունակելու ենք դիտորդական առաքելությունները, որոնք կազմակերպվում են կողմերի գործակցությամբ, ինչպես եղավ վերջին անգամ՝ օգոստոսի 1-ին: Յուրաքանչյուր դիտարկման ժամանակ թիմիս անդամները մոտենում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին, հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանում համապատասխան կողմերից, ինչպես նաև՝ այլ վայրերում ընդհանուր իրավիճակից, այնուհանդերձ, դիտարկումն անցնում է մեկ հատուկ վայրում: Հնարավորություն ենք ընձեռում նաև տեղի հրամանատարներին՝ բարձրաձայնել երկուստեք մտահոգության առարկա հարցերը և թուլացնել լարվածությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Դիտարկման վերաբերյալ զեկույցները փոխանցվում են ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբի անդամներին: Միջադեպերի վերաբերյալ զեկույցներն իմ գրասենյակից հանձնվում են նաև ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: Հրապարակավ չենք մեկնաբանում ինչպես կոնկրետ դիտարկման ընթացքը, այնպես էլ՝ դրա եզրահանգումները: Նմանօրինակ տեղեկատվություն պարունակող մամուլի հրապարակումները հիմնված չեն գրասենյակիս տրամադրած տեղեկատվության վրա»,- ասված է Կասպրշիկի հայտարարությունում:
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։
Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։ Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:
Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:
Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր: