26 մայիսի 2006 - 17:32 AMT
Վ. Օսկանյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչները քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը
Մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ-ում Իսպանիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Կառլոս Սանչես Դե Բոադոյին, որին ուղեկցում էին ԵԱՀԿ-ում Գերմանիայի, Նորվեգիայի եւ Լիխտեյնշտեյնի մշտական ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում դեսպան Դե Բոադոն նշեց, որ այցելությունը Հայաստան կրում է ճանաչողական բնույթ, եւ նպատակ ունի նախապատրաստել հաջորդ տարի Իսպանիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանում ԵԱՀԿ կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Կողմերը, գոհունակությամբ նշելով առաջիկայում ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի Սյունիքի մասնաճյուղի բացումը, վստահություն հայտնեցին, որ այն կնպաստի մարզի սոցիալտնտեսական զարգացմանն ու բնապահպանական խնդիրների լուծմանը: Քննարկվեցին նաեւ ընտրական օրենսդրության բարելավման ուղղությամբ ԵԱՀԿ աջակցությանը վերաբերող հարցեր: Հյուրի խնդրանքով ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ընթացքն ու հեռանկարը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: