Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան՝ Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի և Ադրբեջանական նախագահների հետ, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպմանը ներկա չեն լինի:
Օգոստոսի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ շաբաթվա ավարտին Սոչիում ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, և, հավանաբար, կքննարկվի նաև ղարաբաղյան թեման: «Անշուշտ, մենք կխոսենք Ադրբեջանի ու Հայաստանի մեր գործընկերների հետ այն մասին, թե ինչպես կարելի է մեր կողմից, ԵԱՀԿ ՄԽ կողմից, համանախագահների կողմից առաջին հերթին նպաստել վստահության ամրապնդմանն ու առճակատման ռիսկերի նվազեցմանը»,- հավելել է Լավրովը:
Ավելի վաղ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների օգոստոսի 8-9-ին հնարավոր հանդիպման մասին Սոչիում հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես Կառավարության օգոստոսի 7-ի նիստին զեկուցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ:Վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000: Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։
Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:
Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։
Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռրակնվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:
Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։
Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին: